Շուրջ 600 միլիարդ դրամի պահանջ՝ գույքի բռնագանձման հայցերով. Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության բավարարված հայցի արդյունքում Օրգով համայնքի հողամասը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացնելու հարցին, հայտնում են Գլխավոր դատախազությունից․
«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 31 միլիոն 680 հազար դրամ է: Դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին ղեկավարի կողմից օրենքի խախտմամբ իր որդուն 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդը: Հայցի բավարարման արդյունքում՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
Հաշվի առնելով, որ հողամասը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք, իսկ գործառնական նշանակությունը՝ «Պատմական և մշակութային»՝ առաջարկվում է հողամասն ամրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 միլիոն դոլար արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի ներկայացված հայցը: Հայցով պահանջել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ:
Մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 1,5 միլիոն դոլար արժեքով երկու հողամաս Կառավարության նախորդ նիստում կայացված որոշմամբ ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախորդ շաբաթվա նիստում ընդունված որոշմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարությանն ամրացվեցին մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, մոտ 1 հա մակերեսով «անտառային» նշանակության և նույն տարածքում գտնվող մեկ այլ՝ 661 հազար ԱՄՆ դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6640 քմ մակերեսով «անտառային» նշանակության հողամասերը:
Հակակոռուպցիոն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռներով՝ բավարարվել էին Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցերը, որոնցով պահանջվել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձանց միջև 2005 թվականի մայիսի 2-ին և 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ:
Անդրադառնալով վերջին երկու ամիսների ընթացքում համայնքային շահերի պաշտպանության շրջանակներում կատարված աշխատանքին՝ նշեմ, որ Իջևան և Դիլիջան համայնքներին են վերադարձվել Խաշթառակում և Դիլիջանում գտնվող երկու մանկապարտեզների մասնաշենքերը: Մասնավորապես՝
1. Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ մանկապարտեզի մասնաշենքը տարեկան 165 հազար դրամ վարձավճարով (ամսական՝ 13 հազար 750 դրամ), 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել ֆիզիկական անձի:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրի հետևանքով՝ վարձակալության հանձնված վերոնշյալ անշարժ գույքը չի ներառվել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած՝ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ծրագրում: Արդյունքում՝ Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզն ամբողջությամբ չի հիմնանորոգվել:
Տավուշի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու և մանկապարտեզի մասնաշենքը հետագա հիմնանորոգման աշխատանքներում ներառելու վերաբերյալ:
Խաշթառակ բնակավայրի 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումը չեղարկվել է. Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի՝ 198.45 քմ մակերեսով մասնաշենքը:
Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 44 միլիոն 121 հազար դրամ է:
2. Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը ևս վերադարձվել է Դիլիջան համայնքին: վերադարձնելու հարցին Կառավարության հերթական նիստերից մեկի ժամանակ Դուք անդրադարձ կատարել եք, պարոն Վարչապետ։ Միայն հավելեմ, որ մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 85 միլիոն 935 հազար դրամ է:
3. 2025 թվականի մայիսի 12-ին Գեղարքունքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող՝ շուրջ 321 հազար դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6,5 հա մակերեսով մարզադաշտի նկատմամբ:
Կառավարության որոշմամբ ստեղծված Վերականգնված միջոցներին միասնական հաշվին ստեղծման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր, մուտք է եղել 44 միլիոն 177 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար դրամ:
Հիշեցնեմ, որ Կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ՝ քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվում են Ֆինանսների նախարարության կողմից կառավարվող՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին: Հանրային հաշվետվողականության նկատառումներից ելնելով՝ Գլխավոր դատախազության կողմից կիսամյակային պարբերականությամբ տեղեկատվություն է հրապարակվելու քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի վերաբերյալ՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2021 թվականից առ այսօր, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 152 հայցադիմումներով արգելանք է դրվել շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամի վրա: Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ:
152 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը գերազանցում է շուրջ 600 միլիարդ դրամը: 5 հայցադիմումների վերաբերյալ կայացվել են դատական ակտեր, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել՝ բողոքարկվել են ինչպես Գլխավոր դատախազության, այնպես էլ պատասխանողների կողմից: Հիշեցնեմ, որ 2023-2024 թվականների ընթացքում Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 7 անշարժ, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ՝ 815 միլիոն 200 hազար ՀՀ դրամ և 50 հազար 720 եվրո: Անշարժ գույքերի շուկայական արժեքը գերազանցում է 4 միլիարդ 200 միլիոն դրամը: 2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ (գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին)»:
Հավելենք նաև, որ 2018-2024 թվականների ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով (նախաքննության փուլ), դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 46 %-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի (247 միլիոն 773 հազար ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 և 2024 թվականներին: