հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊԵԿ-ը կանխել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի տարանցիկ փոխադրման փորձը

ՊԵԿ-ը կանխել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի տարանցիկ փոխադրման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արդյունքում հայտնաբերել են շուրջ 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութի բյուրեղանման զանգված՝ թաքցված սուրճի փաթեթների մեջ:

Այնուհետև` Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած վերլուծական և բացատրական աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Ս.Հ-ն իր մաքսանենգ նկրտումներն իրականացրել է համերկրացու հետ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների մեկնման սրահում հայտնաբերվել է Իրանի քաղաքացի Մ.Մ-ն, ով պատրաստվում էր մեկնել Երևան-Դոհա-Կուալա Լումպուր ուղղությամբ: Ավիացիոն անվտանգության հատուկ զննման ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իրանի քաղաքացու ուղեբեռի մաքսային զննմամբ սուրճի 49 փաթեթում հայտնաբերվել է 1 կգ 335 գրամ ընդհանուր քաշով «կետամին» տեսակի հոգեմետ նյութ, որը նա պատրաստվում էր տեղափոխել 3-րդ երկիր:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր, իսկ Իրանի քաղաքացիները ձերբակալվել են:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

  • Կիսվել: