հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Պայթուցիկների վտանգի մասին իրազեկման իրավունք ունեն «ՀԱՓԿ»-ի կողմից հավաստագրված ընկերությունները

Պայթուցիկների վտանգի մասին իրազեկման իրավունք ունեն «ՀԱՓԿ»-ի կողմից հավաստագրված ընկերությունները

ՀՀ տարածքում միայն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի («ՀԱՓԿ») կողմից հավաստագրված կազմակերպություններն իրավունք ունեն իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։

Այս մասին «ՀԱՓԿ»-ը հետևյալ հաղորդագրությունն է տարածել․

«Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը համակարգում և վերահսկում է Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման (ՊԶՎԻ) ընդհանուր գործընթացը (ՀՀ կառավարության N 454-Ն առ 23.04.2014թ. որոշմում, հավելված N 29)։

ՀՀ տարածքում հիմնադրամները, հասարակական և այլ կազմակերպությունները ՊԶՎԻ միջոցառումներ իրականացնելու համար պետք է ունենան «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից տրված համապատասխան հավաստագրեր: Այդ նպատակով կազմակերպությունների աշխատակիցները «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում մասնակցում են ՊԶՎԻ դասընթացավարի որակավորման դասընթացների, որի ընթացքում՝ մասնավորապես, ծանոթանում են ՀՀ տարածքում առկա ականների տեսակներին, առանձնահատկություններին, տեխնիկական բնութագրերին, դրանց հանդիպելու դեպքում անվտանգության պահպանման կանոններին: Քննությունները բարեհաջող հանձնելուց հետո մասնակիցները ստանում են դասընթացավարի որակավորում, նրանց տրվում են հավաստագրեր, որով թույլատրվում է ՀՀ տարածքում իրականացնել ՊԶՎԻ գործողություններ:

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից ոլորտի համակարգման և վերահսկողության նպատակն է հավաստիանալ, որ որակավորում ունեցող մասնագետներ են ՊԶՎԻ գործունեություն ծավալում՝ իրազեկելով բնակչությանը՝ այդ թվում երեխաներին, ականային և պայթուցիկ զինամթերքի վտանգների, ինչպես նաև դրանց հանդիպելու դեպքում ճիշտ վարքագծի կանոնների պահպանման մասին, քանի որ դա անմիջականորեն առնչվում է նրանց կյանքին և անվտանգությանը։
ՊԶՎԻ գործողություններն իրականացվում են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից սահմանված չափորոշիչներով և գործողությունների ստանդարտ ընթացակարգերի պահպանմամբ ձևավորված ուսումնամեթոդական նյութերի կիրառմամբ։

Ուշադրություն, իրազեկման աշխատանքների որակն ապահովելու և անհրաժեշտ մեթոդները պահպանելու նպատակով, անհրաժեշտ է, որ ՀՀ տարածքում միայն «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից հավաստագրված կազմակերպությունների մասնագիտական որակավորում ստացած ներկայացուցիչներն իրականացնեն ՊԶՎԻ դասընթացներ»։

  • Կիսվել: