երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Պայքար կոռուպցիայի դեմ»՝ այս իշխանության բրենդն է․ Գրիգոր Մինասյան

«Պայքար կոռուպցիայի դեմ»՝ այս իշխանության բրենդն է․ Գրիգոր Մինասյան

Համավարակի ընթացքում յուրացումներ կատարելու վարույթն ապացուցում է, որ այս իշխանության համար չկան յուրայիններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, որտեղ չկան յուրայիններ, պետական պաշտոնյաների համար՝ երաշխիքներ։ Նման քրեական վարույթներով ամբողջ պետական համակարգը հասկանում է, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է եւ յուրայիններ չկան, կատարել է հանցագործություն՝ պատժվելու է։ Պայքար կոռուպցիայի դեմ՝ այս իշխանության բրենդն է»,- նշեց նախարարը։

Մինասյանը Առողջապահության նախկին նախարար, իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանի քննադատություններին նախաձեռնված վարութի մասին նորմալ է վերաբերվում։ Ըստ նրա՝ եթե իշխանական գործիչները չքննադատեն պետական մարմիններին, լճացում տեղի կունենա։

«Ես հավատում եմ, որ պետության կայացման կարեւոր հենասյուներից է հենց մրցակցությունը, ազատ արտահայտման երաշխավորում, նորմալ է, որ մարդն ունի իր դիրքորոշումները, նորմալ է, եթե արտահայտի իր դիրքորոշումը, դա կօգնի մեզ ավելի լավ օգնել։ Ես կարդացի պարոն Թորոսյանի հայտարարությունները, առաջինում կամ երկրորդում ինքը բարձրաձայնում էր հարցը, որ այդ հրամաններն իր օրոք են եղել եւ ասում էր անգամ որ ինքը ներգրավվի գործում։ Իսկ թե ինչու չի հարցաքննվել Թորոսյանը, արդեն չեմ կարող ասել, որովհետեւ յուրաքանչյուր քննիչ ինքն է որոշում՝ գործի շրջանակում ում հարցաքննել»,- ընդգծեց Մինասյանը։

Հնարավո՞ր է, որ այն իշխանական պատգամավորը, որն ըստ մամուլի տեղեկությունների, կզրկվի անձեռնմխելիությունից եւ կազատազրկվի Արսեն Թորոսյանն է, Մինասյանն ասաց, որ չունի նման տեղեկություն։

Անդրադառնալով ԲԴԽ-ի կողմից Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցմանը՝ Մինասյանը նշեց՝ այս իշխանության օրոք չկան նաեւ յուրային դատավորներ։

«Դատավորը չի կարող քննադատել այլ դատարանի վճիռը, այլ դատավորի գործունեությունը՝ սա նաեւ միջազգային ստանդարտներով երաշխավորված։ Դատավորն այդ արարքն արել է, պետք է պատժվի։ Եթե չեմ սխալվում, նույն դատավորը նաեւ այլ կարգապահական վարույթով է անցնում»,- ասաց նախարարը։

Մինասյանը չբացառեց, որ հնարավոր խաղաղության պայմանագիրը կարող է անցնել հանրաքվեի ճանապարհով, «Կարելի է սահմանադրական բարեփոխումների շրջանակում այդ հարցը քննարկել։ Ի ուրախություն մեզ այնտեղ մասնագետներ են բոլոր ոլորտներից»։

Գրիգոր Մինասյանը շրջանցեց լրագրողի հարցը, թե ինչու իր կենսագրական տվյալներում նշված չէ, որ ինքը  եղել է ՀՀԿ անդամ։

  • Կիսվել: