շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատգամավորին վրաերթ չի կատարել և բռնության սպառնալիքներ չի հնչեցրել. պաշտպանը Վերաքննիչ բողոք կներկայացնի

Պատգամավորին վրաերթ չի կատարել և բռնության սպառնալիքներ չի հնչեցրել. պաշտպանը Վերաքննիչ բողոք կներկայացնի

«Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի պաշտպան Էմին Բեգլարյանը պատրաստվում է բողոքարկել նրան 2 ամսով կալանավորելու որոշումը։ NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը ասաց, որ աշխատում է բողոքարկման դիմումի վրա եւ ավարտելուն պես այն կներկայացնի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Հիշեցնենք՝ Արթուր Ալեքսանյանը կալանավորել է պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի գործով․տուժող է ճանաչվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքն անհիմն է եւ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվել Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: «Առհասարակ չէր կարող 316 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցվել, առավել եւս այդ գործի շրջանակներում ձերբակալվել եւ կալանավորել,, քանի որ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, թե իշխանության ներկայացուցիչ ով կարող է հանդիսանալ: Ըստ էության իշխանության ներկայացուցիչ կարող է հանդիսանալ պետական կամ տեղական ինքնակառավարման այն անձը, ով որ ծառայության շրջանակներից դուրս սահմանված կարգով ունի կարգադրիչ լիազորություններ:

Այս դեպքում ԱԺ պատգամավորը որեւէ կարգադրիչ լիազորություն չունի, այսինքն չի կարող հասարակ քաղաքացիների խմբին որեւէ իրավաչափ պահանջ ներկայացնել: Ըստ էության վարույթն իրականացնող մարմինը փորձում է մեկնաբանել, որ քանի որ ԱԺ-ն մեր օրենսդիր մարմինն է, օրենսդիր մարմնի ներկայացուցիչն էլ հանդես է գալիս որպես իշխանության ներկայացուցիչ, սակայն դա այդպես չէ»,-ասաց պաշտպանը: Անդրադառնալով միջադեպին` փաստաբանն ասաց, որ Արթուր Ալեքսանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Նա չի հերքում, որ հեծանիվով է եղել, բայց վրաերթ չի կատարել եւ բռնության սպառնալիքներ չի հնչեցրել»:

Հիշեցնենք, որ «Կամք» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը ձերբակալվել էր մայիսի 13-ին պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։ Նշենք, որ Բաղդասարյանը մայիսի 11-ին իրավապահ մարմինների հաղորդել էր, որ Ալեքսանյանը Սահմանադրական դատարանի մոտ ժամը 17։00-17։15 ընկած ժամանակահատվածում փորձել էր իրեն հեծանիվով վրաերթի ենթարկել, իր հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ էր հնչեցրել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր էին նախապատրաստվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով։ Մայիսի 11-ին ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: