շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կքննարկվի արտահերթ նիստում․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կքննարկվի արտահերթ նիստում․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ  ընդունեց իշխանական պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի և Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորներն առաջարկում են, որ  Ազգային ժողովի պատգամավորի և Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիրը ԱԺ-ում պետք է քննարկել կամ առաջիկա հերթական նիստում, կամ ԱԺ արտահերթ նստաշրջանում, կամ արտահերթ նիստում։

Գործող օրենքով գլխավոր դատախազը պատգամավորի և մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիրը կարող է ներկայացնել միայն Ազգային ժողովի առաջիկա նիստերում։ Ըստ պատգամավորների` այս կարգավորումներով միջնորդագրի քննարկումն անտեղի ձգձգվում է։

«Եթե, օրինակ, դեպքը տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, այսինքն` հունիս ամսին, իրավապահ մարմինները հնարավորություն չեն ունենա սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտականությունները, քանի որ միջնորդագիրն ԱԺ-ն կկարողանա քննարկել միայն սեպտեմբերին, այսինքն` 3 ամիս անց»,- օրենքի առաջարկվող փոփոխությունների հիմնավորումը ներկայացնելիս ասել էր պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ՝ սա նախագիծ է ոչ մի բանի մասին։

Քվեարկության ժամանակ վարման կարգով ձայն խնդրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք առաջարկել են օրինագծը  չքննարկվի, հետևաբար,  իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։

  • Կիսվել: