երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պատերազմական հանցանքները պետք է անպայման ամրագրել, որ  ապահովվի ադրբեջանական իշխանությունների քրեական պատասխանատվությունը. Արման Թաթոյան

Պատերազմական հանցանքները պետք է անպայման ամրագրել, որ ապահովվի ադրբեջանական իշխանությունների քրեական պատասխանատվությունը. Արման Թաթոյան

«Կազմել ենք զեկույց, որը վերաբերում է ադրբեջանական շարունակվող  թշնամանքին և այս պատերազմում ունեցած հետևանքներին»,- այսօր հրավիրված մամուլիս ասուլիսի ընթացքում ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, խոսելով ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է ատելությունը և թշնամանքը։

«Թշնամանքի քաղաքականությունը երկու հիմնական հիմքեր ունի ՝ կրոնական ու էթնիկ։ Դա դրսևորվում է ամենադաժան հանցանքներով, իրենց իսկ իշխանությունների կողմից հանցանքների խրախուսմամբ։ 44-օրյա պատերազմի, Ապրիլյան քառօրյայի  ձեռագիրն ամբողջությամբ կրկնվում է՝ խոշտանգումները նկարահանել, հրապարկել և խրախուսումներ ստանալ իշխանությունների կողմից։ Սոցիալական ցանցերում տարբեր ստիկերներ են ստեղծում»,- նշեց Թաթոյանը և հավելեց, որ ատելությունն ու թշնամանքն այնքան է խորացած, որ, բնականաբար, տանում է այսպիսի դրսևորումների։

Արման Թաթոյանն ընդգծեց, որ դեռ ագրեսիայի սեպտեմբերյան գործողություններից առաջ էլ ադրբեջանական կողմը ՀՀ բնակչությանը  պատճառել է  ունեզրկումներ, ողջ ընթացքում կրակոցներ կազմակերպել․ «Մարդիկ զրկվել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորութունից, աշխատանքից,  ամբողջությամբ անհնարինությամբ են վերածել մարդկանց բնականոն կյանքը»։ 

«Պատերազմական հանցանքները պետք է անպայման ամրագրել, որ  ապահովվի ադրբեջանական իշխանությունների քրեական պատասխանատվությունը՝ կատարողների, կազմակերպողների և դրդողների»,- հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ-ը։

«Ադրբեջանական քաղաքականությունը բացահայտ ֆաշիզմի է հասնում։ Իրականացնում ենք իրենց վայրագրությունների և տեսանյութերի  թարգմանություն ադրբեջաներենից՝ ռուսերենով և անգլերենով»,- խոսելով հակառակորդի տելեգրամյան ալիքներում հայտնված հայ զինծառայողների խոշտանգման կադրերի մասին` հայտնեց Թաթոյանը։

Նա անդրադարձավ նաև կին զինծառայողի խոշտանգման տեսանյութին․ «Ադրբեջաներենից թարգմանեցինք իրենց խոսքը՝ իրենց հանցավոր դիտավորությունն  ամբողջությամբ երևում էր․ զինվորները գրել էին իրենց հատուկ ծառայության ջոկատի անունը՝ Յաշմա»։ 

  • Կիսվել: