ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաստաբանը Նազիկ Ամիրյանի նոր մեղադրանքը համարում է հնարածին

Փաստաբանը Նազիկ Ամիրյանի նոր մեղադրանքը համարում է հնարածին

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին առաջադրված նոր մեղադրանքը Ամիրյանը չի ընդունում, InfoPort.am-ին տեղեկացրեց Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Ավելին, Ամիրյանի պաշտպանությունը այդ մեղադրանքը համարում է հնարածին։

 

«Հնարածին մեղադրանք է, և ես վստահ եմ, որ այդ քրեական գործը հեռանկար չի կարող ունենալ», -մեզ հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

 

Հիշեցնենք՝ օրերս Քննչական կոմիտեն հայտնել էր «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանի կողմից ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 221 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ գույքը յուրացնելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի մի շարք հանգամանքներ բացահայտելու մասին։

 

Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե հնարավոր է ինչ-որ փուլում մեղադրանքում նշված յուրացված գումարը Նազիկ Ամիրյանը վերադարձնի պետությանը՝ կատարելով հարկային պարտավորությունները, Բաղդասարյանը պատասխանեց․ «Կրկնում եմ՝ այդ քրեական գործը մենք համարում ենք հնարածին, և մեր գործողությունները բխելու են այդ հայտարարությունից։ Այդ գործը հեռանկար չունի»։

Նշենք, որ Նազիկ ամիրյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանը նաև նրա ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանն է» Նախկին պաշտոնյայի պաշտպանությունն իրականացնելիս ևս բազմիցս հայտարարել է մեղադրանքը չընդունելու մասին, սակայն Գրիգորյանի ընտանիքը միլիարդների հասնող գումար է վերադարձել պետությանը։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ կառավարության որոշմամբ «Հայապակի» ՓԲ ընկերության 573 միլիոն 733 հազար դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 145 միլիոն դրամով, ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել են Նազիկ Ամիրյանին՝ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար՝ 100 միլիոն, 80 միլիոն և 70 միլիոն դրամի չափով ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 350, 500 և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով: Սակայն հետագա գործունեության ընթացքում, ըստ Քննչական կոմիտեի, Նազիկ Ամիրյանը, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու, միևնույն ժամանակ անձամբ շահեկան վիճակում հայտնվելու մտադրությամբ, այլևս չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները. չեն կատարվել ընկերության գործունեության ընթացքում առաջացած հարկային մարմինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, որի հետևանքով Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանքի է վերցվել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքի մի մասը:

  • Կիսվել: