ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաստաբանները կշարունակեն բողոքի ակցիան և կդիմեն ՔԿ նախագահին ու գլխավոր դատախազին

Փաստաբանները կշարունակեն բողոքի ակցիան և կդիմեն ՔԿ նախագահին ու գլխավոր դատախազին

2023թ. հուլիսի 11-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են վերջին զարգացումները, հայտնում են Փաստաբանների պալատից։

«Պատկան մարմինների արձագանքների շրջանակներում ուշադրության է արժանի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում իրականացվող թիվ 15160723 քրեական վարույթի արդյունքները, ըստ որի ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի և նրա տեղակալի նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և կասեցվել են վերջիններիս պաշտոնավարումը:

Ակումբի նիստին նաև ներկայացվել է ՀՀ ՆԳՆ նախարարի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները:

Ներկաները դրական են գնահատել ՆԳ նախարարության հավաստիացումը, որ միջադեպին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական, ինչպես նաև պատրաստակամությունը օպերատիվ կերպով արձագանքել խնդրահարույց իրավիճակներին:

Ակումբի նիստում վերահաստատվել են ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ քննչական կոմիտեին ուղղված պահանջները:

Միաժամանակ քննարկվել է եռօրյա բողոքի շարունակման նպատակահարմարությունը:

Ներկաներն արձանագրել են, որ հայտարարված ակցիան անհրաժեշտ է շարունակել պայմանավորված այն հանգամանքով, որ թեև տեսանելի է պետական մարմիններից Ներքին գործերի նախարարության վերաբերմունքի փոփոխությունը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության օբյեկտիվությունը, սակայն ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը լիարժեքորեն չի լուծում փաստաբանների նկատմամբ բռնություններ կիրառելու հնարավոր դեպքերի կանխարգելման խնդիրը:

ԱԱԾ քննչական մարմնի հայտարարությունից էլ բխում է, որ եղել է խոշտանգման դեպք, որը սակայն ոչ Քննչական կոմիտեի քննիչն (Ալիկ Մաթևոսյանը) է «նկատել», ոչ էլ՝ դատախազը (Գագիկ Հայրապետյանը):

Վերոգրյալը նկատի ունենալով ներկաները որոշեցին՝

1. Շարունակել բողոքի ակցիայի իրականացումը 2023 թվականի հուլիսի 12-ին և 13-ին՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

2. ՀՀ գլխավոր դատախազից պահանջել՝ խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գագիկ Հայրապետյանին, այն բանի համար, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քրեական հետապնդման հարուցման իրավաչափության հարցում պատասխանատու լինելով փաստաբանի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է հարուցել և չի արձանագրել խոշտանգման դեպքը

3. ՀՀ քննչական կոմիտեի նախագահից պահանջել՝ խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ՀԿԳ քննիչ Ալիկ Մաթևոսյանին, այն բանի համար, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, ինչպես նաև իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար պատասխանատու լինելով, անտեսել է ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման, փաստաբանին ծեծելու, խուզարկելու, ձերբակալելու ակնառու փաստերը և գործի քննությունը տարել է միակողմանիորեն:

Հ.Գ.1. Բողոքին միացած փաստաբանները ծայրահեղ դեպքերում կարող են ապահովել վստահորդի իրավունքների պաշտպանությունը:

Հ.Գ.2. Այս պայքարի նպատակը վստահորդների արդար դատաքննության իրավունքի իրացման համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանել վստահորդի շահերը»,- ասված է պալատի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: