հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաստաբանական խումբը պատրաստվում է Վերաքննիչ դատարանում բողոքարկել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին որոշումը

Փաստաբանական խումբը պատրաստվում է Վերաքննիչ դատարանում բողոքարկել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին որոշումը

Նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարանում, InfoPort.am-ին տեղեկացրեց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Սպասում ենք պաշտոնապես ստանալ դատարանի որոշումը, տեսնենք՝ ինչ կերպ է փորձել հիմնավորել դատարանը կալանավորելու մասին որոշումը, որովհետև մենք բավական ծանրակշիռ հակափաստարկներով էինք ներկայացել դատարան։ Դատարանի որոշումը ստանալուց հետո պատրաստվում ենք Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել», -տեղեկացրեց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նույն կերպ, փաստաբանի ներկայացմամբ, Խաչատրյանի պաշտպանական կողմը պատրաստվում է վիճարկել Խաչատրյանի բնակարանում ու գրասենյակներում խուզարկություններ կատարելու մասին դատարանի որոշումը։

«Բողոքարկելու ենք խուզարկության մասին դատարանի որոշումը, որը կայացրել է մի դատավոր, որը իմ գնահատմամբ ուղղակի տարօրինակ վարքագիծ է դրսևորել՝ որոշելով բավարարել խուզարկություն իրականացնելու մասին նախաքննական մարմնի որոշումը։ Բանն այն է, որ մի դատավոր մերժել էր խուզերկելու մասին որոշումը բավարարել, իսկ այդ դատավորը բավարարել էր։ Մենք այս ամբողջ ընթացակարգը պահպանելու ենք, բողոքներ ենք ներկայացնելու և ընթացքում արդեն կորոշենք մեր հետագա մարտավարությունը», - ներկայացրեց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Գուրգեն Խաչատրյանը իրավապահներից թաքնվում է հենց իրավապահ համակարգի ներկայացուցիչների հովանավորությամբ, Սարգսյանն ասաց, որ դրանք սուբյեկտիվ վերլուծություններ են և իրականությանը չեն համապատասխանում։

Վարույթն իրականացնող մարմին չներկայանալը, ըստ փաստաբանի, ունի օբյետիվ պատճառներ։

«Այն պահից երբ օրինականության դաշտ կվերադառնա քննությունը, երբ հույս կլինի, որ իրավական կառուցակարգեր կլինեն և ոչ թե թաքնված նպատակներ, Գուրգեն Խաչատրյանը միանգամից կներկայանա քննությանը, ինչպես մինչ այժմ անում էր․ Գուրգեն Խաչատրյանը մինչ այժմ երբ անհրաժեշտ է եղել, եկել, մասնակցել է քննությանը։ Որևէ մեկը նախաքննական մարմնից չի կարող հայտարարել, որ Գուրգեն Խաչատրյանը խոչընդոտել է քննությանը։ Եթե չասեն օժանդակել է, չեն կարող ասել, որ խոչընդոտել է քննությանը», -հավելեց Սարգսյանը։

ԱԱԾ-ի կողմից երեկ տարածված հաղորդագրության մեջ նշվում էր ՀՀ Ֆինանսների նախարարի երկու որդիների մասին, և փաստաբանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս գործում ներգրավված է նաև Խաչատրյանի մյուս որդին, Երեմ Սարգսյանը պատասխանեց․ «Ես այդ մասով որևէ պաշտոնական տեղեկատվություն չունեմ։ Միայն կարող եմ ասել, որ Արտյոմ Խաչատրյանը բիզնես գործունեության հետ կապված հաճախ է գնում արտասահման և վերադառնում։ Վերջին անգամ վերադարձը չի ստացվել կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով պայմանավորված»։

Նշենք, որ մայիսի 3-ին դատարանի որոշումից առաջ տարածած հայտարարության մեջ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր.

«Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը։ Այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է, առանց դրա սոցիալական ու տնտեսական հետևանքները հաշվի առնելու. ես այդ օրակարգում անելիք չունեմ»:

Նշենք, որ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք տալուն օժանդակելու մեջ

  • Կիսվել: