ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանը ՀՀ դատախազի հետ խոսել է ադրջեբանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանի մասին

Փաշինյանը ՀՀ դատախազի հետ խոսել է ադրջեբանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանի մասին

Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինը տարի ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Միսակ Լազարյանի քրեական գործի վերաբերյալ ինքը քննարկում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։

Նա նշեց. «Այդ հարցին ես տեղյակ եմ։ Ես խոսակցություն եմ ունեցել ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Եթե պարզվի, որ անարդարացի հետապնդում է տեղի ունենում եւ այնպես է, ինչպես մամուլում ներկայացվում է, ապա կարծում եմ, որ մենք կկարողանանք օգնել։ Հանկարծ չպետք է այնպես ստացվի, որ սխալ տեղեկատվության վրա սխալ որոշումներ կայացնենք» ։

Հիշեցնենք, որ այսօր Լազարյանը դադարեցրել է հացադուլը։

Նշենք նաեւ, որ օրեր առաջ Yerkir.am-ը ահազանգել էր, որ ՀՀ դատախազությունը ՌԴ-ին է արտահանձնում է 2011թ. ՌԴ–ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող ազգությամբ հայ Միսակ Լազարյանին։ «Սասնա ծռեր» կուսակցությունն էլ հանդես էր եկել  այդ որոշումը դատապարտող հայտարարությամբ՝ անվանելով այն «դավաճանական գործընթաց»։

Հիշեցնենք նաեւ, որ 2011 թ. դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորան են մտնում ադրբեջանցիներ եւ  բախում հրահրում։ Ադրբեջանցիներից մեկն ասել էր, որ իր եղբայրներից մեկը մահացել է Արցախի կռիվներում, ինքն էլ մասնակից է պատերազմին եւ, «հայերն ովքե՞ր են, որ գան ու լավ զգան այստեղ» ասելով, շարունակել ազգային հողի վրա իր բարձրագոչ ելույթները։ Դրանց ի պատասխան՝ հայերից մեկն ասել է, որ իրենք էլ հարազատներ ունեն կորցրած եւ ռուսական հողի վրա չարժե շահարկել դա։ Արդյունքում՝ հայկական կողմին հաջողվում է ռեստորանից դուրս հանել իրենց սանձարձակ պահող ադրբեջանցիներին։

Նույն օրը, ավելի ուշ ժամի, երբ հայ երիտասարդները փակում էին ռեստորանը, ադրբեջանցիները հետ են վերադառնում զինված, դանակահարում են հայերից մեկին, զենք պահում հայերի վրա, սակայն հայ երիտասարդները կարողանում են զենքը վերցնել ադրբեջանցիների ձեռքից, դրանով կրակել ադրբեջանցիներից մեկի վրա, ով մահանում է։ Դեպքից հետո երկու հայ երիտասարդները փախչում են, որոնցից մեկը՝ Միսակ Լազարյանը, 2012 թվականից գտնվում է Հայաստանում, իսկ մյուսի գտնվելու վայրը ցօրս հայտնի չէ։

  • Կիսվել: