երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Փաշինյանին իշխանության էինք բերել, որ մարտի 1-ի զոհերի հուշարձան կառուցե՞ր, թե՞ գործը բացահայտեր. Թովմասյան

Փաշինյանին իշխանության էինք բերել, որ մարտի 1-ի զոհերի հուշարձան կառուցե՞ր, թե՞ գործը բացահայտեր. Թովմասյան

Ազգային ժողովում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցրեց «մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, կոմիտեի նախկին նախագահ Սասուն խաչատրյանի հայտարարությունները, խոստումները, հավաստիացումները։

«Ուզում եմ հետաքրքրվել «մարտի 1»-ի գործի մասին, քանի որ այդ գործով ձեզնից առաջ պաշտոնավարած Սասուն Խաչատրյանից տարբեր խոստումներ, ընդհուպ հավաստաիցումներ ենք լսել, որ «մարտի 1»-ը բացահայտված է, լսելու եք սենսացիոն  բացահայտման մասին, բայց այդ բացահայտման մասին այդպես էլ ոչինչ չենք լսել։ Անհայտ է մնում «մարտի 1»-ի 10 զոհերի հանգամանքները, ինչպե՞ս են տեղի ունեցել սպանությունները։

2018 թվականից Նիկոլ Փաշինյանն անընդհատ  հայտարարում էր, որ իր առաջնահերթություն է «մարտի 1»-ի բացահայտումը որպես քաղաքական լիդեր։ Բայց այդ  առաջնահերթության հանրահռչակումից անցել է մոտ 8 տարի, ոչինչ հայտնի չէ, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «իմ կարծիքով ամբողջությամբ բացահայտված է»։ Մեզ պետք չէ  որևէ մեկի կարծիքով բացահայտումը, մեզ պետք է «մարտի 1»-ի իրական բացահատում։

Ի վերջո, նաև ես Նիկոլ Փաշինյանին հավատացած մարդ, նաև դրա համար եմ գնացել հրապարակ, որպես իրավատեր քաղաքի, որ «մարտի 1»-ը պետք է բացահայտվեր Փաշինյանի քաղաքական իշխանության օրոք, բայց այդ բացահայտումը չկա։ Փոխարենը տեսնում ենք՝ Փաշինյանը խրոխտ գնում է «մարտի 1»-ի զոհերի հուշարձանի բացմանը։ Այսինքն իշխանության էինք բերել Փաշինյանին, որ «մարտի 1»-ի զոհերին հիշատակին հուշարձան կառուցե՞ր, մենք կոնկրետ ակնկալիքներ ունեինք»,- ասաց Թագուհի Թավմասյանը։

Ի պատասխան Արթուր Նահապետյանն ասաց. ««Մարտի 1»-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է, հակակոռուպցիոն կոմիտեի ու քննչական կոմիտեի քննիչներից համատեղ քննչական խումբ է  ստեղծվել, այս պահին  ակտիվ ապացուցողական ու վարույթային գործողություններ են կատարվում այս գործով։ Կարող եմ երաշխավորել, որ  կիրականացվի համակողմանի ու անաչառ քննություն, սակայն խոստում և հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Եթե ունենանք համապատասխան արդունքներ, հանրությունը և դուք միանշանակ կտեղեկացվեք»։

  • Կիսվել: