հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փաշինյանի ավտոշարասյան ճամփան բացելիս անչափահաս է ծեծի ենթարկվել․ Թովմասյանը պարզաբանում է պահանջել

Փաշինյանի ավտոշարասյան ճամփան բացելիս անչափահաս է ծեծի ենթարկվել․ Թովմասյանը պարզաբանում է պահանջել

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը անդրադարձել է Վանաձորում քաղաքացիների ու պարեկների միջև տեղի ունեցած միջադեպին։

Թագուհի Թովմասյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից Վանաձոր քաղաքի մի քանի քաղաքա ցիների (այդ թվում՝ անչափահաս) նկատմամբ բռնության կիրառումն անընդունելի է: Նոյեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացելիս պարեկները բռնություն են կիրառել մի քանի քաղաքացու նկատմամբ:

Հրապարակված տեսանյութերում որոշակիորեն երևում է, թե ինչպիսի վնասվածքներ են առկա հիվանդանոցում գտնվող քաղաքացիների մոտ, իսկ վերջիններիս կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն առնվազն մտահոգիչ են։ ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, սակայն դրանք դիտարկվում են որպես բացառիկ միջոց և կիրառվում են ըստ էության իրավախախտի նկատմամբ։ Դատապարտելով ցանկացած բռնության դրսևորում՝ հարկ եմ համարում այս համատեքստում ընդգծել, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել առնվազն այնպիսի պայմաններ, որ քաղաքացին առավելագույնս զերծ մնա պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի (անձանց) կողմից ոչ իրավաչափ ուժի գործադրումից։

Դեպքի առիթով պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ ոստիկանապետից: Հետևողական եմ լինելու համանման դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելուն, ինչպես նաև, իմ լիազորությունների շրջանակում, դրանց հնարավոր կանխարգելմանը: Արձանագրենք, որ սա երկրորդ ամոթալի ու խայտառակ միջադեպն է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից. հղի կինը՝ Սոնա Մնացականյանը, սպանվեց Պարոնյան փողոցում՝ վթարից: Հիմա էլ քաղաքացիների ծեծն է, այդ թվում՝ անչափահասի... Հայկական ժողովրդավարությունը շատ տարբեր է... »։

  • Կիսվել: