երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պարզվել է Սարի Թաղի բնակչին հրազենային վնասվածք պատճառած անձի ինքնությունը

Պարզվել է Սարի Թաղի բնակչին հրազենային վնասվածք պատճառած անձի ինքնությունը

2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 12:40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Սարի Թաղի 32-ամյա բնակիչ՝ աջ ազդրի հրազենային վնասվածք նախնական ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ընդունվել վարույթ:

 

Պարզվել է, որ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի Թաղ 28-րդ փողոցում առերևույթ հանցագործություն կատարած անձը ատրճանակից կրակոց է արձակել 32-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի:

Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է:

 

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ և արնանման նյութի հետքեր, հարցաքննվել են վկաներ, կատարվել են առգրավումներ, լուսանկարով ճանաչման քննչական գործողություն, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ վերը նշված անձին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն կատարելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: