Պարտավոր էի, բայց ինձ պետք է վերադասն ասեր՝ գնա, ստուգի. Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով վկա
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը, հարցաքննվում են վկաները։
Վկաներից Կամո Ավագյանը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 22-ը եղել է 2-րդ բանակային կորպուսում հակահրդեհային ծառայության պետ։ Նա նշեց, որ իր պարտականությունն էր զորամասում հետևել հակահրդեհային անվտանգության կանոններին, դիրքերում, զորամասերում ստուգել հակահրդեհային միջոցները։
«Գրությունով թիկունքի պետը պետք է ասեր՝ հակահրդեհային ծառայության պետ, այս ինչ զորամասից գրություն է եկել, մակագրեին, ասեին՝ գնա այս ինչ տեղը, ստուգիր»,-ասաց վկան։
Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը վկային հարցերց՝ պարտավո՞ր էր իմանալ 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների գտնվելու վայրը, Կ.Ավագյանն ասաց. «Պարտավոր էի, բայց ինձ պետք է ասեին՝ գնա։ Թիկունքի պետը պետք է ասեր»։
Հարցին՝ անձնակազմին տրամադրվել է տարածք, պարտավո՞ր էր գնար, ստուգեր, տարածքը համապատասխանում է չափանիշին, զինվոր կարող է ապրել, թե՞ իրավունք չուներ, նա ասաց. «Պարտավոր էի, բայց գրություն չէր եկել, վերադասի կողմից ինձ չի ասվել՝ գնալ այս ինչ տեղ, տարածք է հատկացվել։
Գրավոր որևէ բան չեմ ստացել, ինքնագլուխ չէի կարող գնալ»։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30- սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ:


