երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարեկը սեփական գյուղում գողություն անելիս բռնվել է․ բնակիչները ծեծել են նրան

Պարեկը սեփական գյուղում գողություն անելիս բռնվել է․ բնակիչները ծեծել են նրան

Այս գիշեր Շիրակի մարզի պարեկային ծառայության սպան՝ կապիտան Ռաֆիկ Հայրապետյանը, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակարանային գողության ժամանակ բռնվել է ու ծեծի ենթարկվել։

Բնակարանային գողության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։  Այս մասին InfoPort.am-ին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Մեկ անձ բռնվել է դեպքի վայրում' գյուղի բնակչության օգնությամբ, նախնական տվյալներով վայր ընկնելու հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժկենտրոն։ Անձը ձերբակալվել է։ Նույն գյուղում և հարակից գյուղում նույն օրը նաև այլ տներ ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մասին հաղորդումներ են ստացվել, որոնցով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն»,–ասաց Աբրահամյանը։

Ըստ մեր տեղեկությունների՝ Ռաֆիկ Հայրապետյանը Շիրակի մարզի գումարտակի առաջին դասակի սպա է։ Մոտ մեկ տարի է՝ պարեկային ծառայությունում է աշխատում։ Նա փորձել է գողություն կատարել, բայց բնակիչները նկատել են ու ծեծել, անգամ տան երկրորդ հարկից ցած են նետել նրան։ Այս պահին էլ նա հիվանդանոցում է, վիրահատվել է։

  • Կիսվել: