շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պահանջվեց 79 օր, որ պարզեն՝ ես կապ չունեմ մեղադրանքի հետ. Թավադյան

Պահանջվեց 79 օր, որ պարզեն՝ ես կապ չունեմ մեղադրանքի հետ. Թավադյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը, ինչպես և իր փաստաբանները, կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքն ու կալանքն ապօրինի էին։ Այս մասին Թավադյանն ասաց այսօր ՔԿՀ-ից դուրս գալու հետո՝ լրագրողների հետ զրույցում:

Նա նշեց. «Գործի վերաբերյալ լավ կլինի փաստաբանները խոսեն։ Կարող եմ ասել, որ լավ եմ, նորմալ եմ զգում ինձ։ Բանտում հանդիպել եմ շատ լավ մարդկանց, որոնք իրենց ծառայությունը կատարում են պարկեշտ, ուշադիր են եղել մեր հանդեպ»:

Ինչ վերաբերում է իր գործին՝ Թավադյանն այն շինծու է համարում: Նա նշեց, որ, ցավոք, պահանջվեց 79 օր, որպեսզի պարզվի, որ ինքը մեղադրանքի հետ կապ չունի

Հիշեցնենք, որ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը քիչ առաջ դուրս եկավ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Թավադյանին աջակիցները ծափահարություններով դիմավորեցին, բացեցին շամպայն, նա գրկախառնվեց իր աջակիցների հետ։

Թավադյանի աջակիցների թվում էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը եւ Ռոբերտ Քոչարյանի աջակցության գրասենյակի ղեկավար Աղվան Վարդանյանը:

Նշենք նաեւ որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։

Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է, դեռեւս մեղադրական եզրակացությունը չի կազմվել։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

  • Կիսվել: