շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ոստիկանությունը բացահայտել է Այգեհովիտի աղմկահարույց սպանությունը. մահացածի ոտքերին կապել էր բետոնե սյուներ և նետել լիճը

Ոստիկանությունը բացահայտել է Այգեհովիտի աղմկահարույց սպանությունը. մահացածի ոտքերին կապել էր բետոնե սյուներ և նետել լիճը

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժին տեղեկություն էր ստացվել Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանի կողմից, ով հայտնել էր, որ իրենց բնակավայրում գտնվող լճում մարմնական վնասվածքներով ինքնությունը չպարզված տղամարդու դի կար։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դին դուրս բերելուց հետո, դատաբժիշկը, զննելով, հայտնել էր, որ դիակի վրա կան կրակոցի հետք և մարմնական վնասվածքներ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ որպես անհետ կորած որոնվող, 61-ամյա Վրեժ Պետրոսյանն էր։

Նույն օրը Տավուշի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության վարչության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային քննչական վարչության հետ, այնուհետև իրացնելով օպերատիվ տվյալները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են տեղափոխում Տավուշի մարզի բնակիչ՝ 57-ամյա Մհեր Շ․-ին։

Փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանել է, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի սկբնամասում գտնվող արքայախնձորի այգում իր մոտ եղած որսորդական հրացանով պատահաբար կրակել է Վրեժ Պ․-ի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։ Իսկ հետ դիակը թաքցնելու նպատակով իր կողմից վարած ԳԱԶ 24 մակնիշի ավտոմեքենայով հին պոլիէթիլենով փաթաթել և տեղադրել է բեռնախցիկի մեջ, ապա տեղափոխել Բերքաբեր բնակավայրի տարածքում գտնվող «Ջողազի լիճ», որտեղ էլ ոտքերից բետոնե սյուներ է կապել և նետել լիճը։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պարզվելու է նաև՝ արդյո՞ք նրա հայտնած տեղեկությունը հավաստի է, երբ հայտնել էր, որ պատահաբար է կրակել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: