ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը բացելիս պարեկների կողմից մի քանի քաղաքացու ծեծի ենթարկելու ահազանգի առթիվ

Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը բացելիս պարեկների կողմից մի քանի քաղաքացու ծեծի ենթարկելու ահազանգի առթիվ

ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսել Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը բացելիս պարեկների կողմից մի քանի քաղաքացու ծեծի ենթարկելու ահազանգի առթիվ: Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Infoport.am-ը զրուցել է Վանաձորի ԲԿ-ում մինչ օրս գտնվող ծեծված քաղաքացիներից մեկի հետ։

«Ունեմ կողոսկրերի ջարդվածքներ, թոքերիս մեջ ջուր է լցվել, այնքան ուժգին ցավեր են, որ երկու ժամը մեկ միայն ցավազրկողով է ցավը մեղմանում: Ես չգիտեմ, թե հանուն ինչի հայտնվեցինք էս վիճակում»,- կայքին պատմել է քաղաքացի Ռադիկ Ա-ն․։

Նա պատմել է, թե ինչից է սկսվել սույն անօրինական միջադեպը․ «Ես ու եղբորս անչափահաս տղան, ընդամենը փորձել ենք հանդարտեցնել հայրիկիս ու պարեկների միջեւ առաջացած վեճը, բայց փոխարենը անմարդկային ծեծի ենք ենթարկվել։ Նույնիսկ հաշվի չեն առել, որ եղբորս տղան անչափահաս է, ունի բազում առողջական խնդիրներ՝ ասթմա, տեսողության հետ կապված խնդիր: Այն աստիճանի էին գազանացել, որ առողջական խնդիրների մասին զգուշացնելուց հետո էլ ավելի դաժանորեն սկսեցին ծեծել՝ ձեռքերով ու ոտքերով, կիրառելով արցունքաբեր գազ: Բայց սա դեռ ամենը չէ, պատկերացրեք, որ էսքանից հետո էլ՝ պարեկների կողմից այսքան ծեծվելուց հետո էլ, քրգործը իմ դեմ են հարուցել»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են պատրաստվում հետագայում իրենց իրավունքների համար պայքարել, Ռադիկը ասաց․ «Օրենքի «պահապանների» կողմից դաժանորեն ծեծված մարդը էլ օրենքին կապավինի՞։ Մեր հույսը հիմա ՁԵր նման լավ մարդիկ են, լրատվամիջոցներն են, որ համոզված ենք, թույլ չեն տա մեր իրավունքները խախտվեն»:

Շատ հարցերի վերջինս չկարողացավ պատասխանել, քանզի սաստիկ ցավերի մեջ էր, ինքնազգացողությունն էլ ավելի էր վատացել:

Նշենք, որ ծեծի ենթարկված անչափահաս տղային այսօր Վանաձորի Բկ-ից դուրս են գրել՝ չնայած նրա վատ ինքնազգացողությանը։ Ինչպես Infoport.am-ին պատմեցին երեխայի հարազատները, տանը տղայի ինքնազգացողությունը սաստիկ վատացել է, ստիպված են եղել «Շտապ օգնության» բրիգադ կանչել, սակայն վերջիններս հրաժարվել են տուժածին հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, թե նրա հետ ամեն ինչ կարգին է։      

Հիշեցնենք, որ, ըստ տուժող կողմի, միջադեպը տեղի էր ունեցել այն պատճառով, որ պարեկները անհարգալից կերպով փորձել էին տարեց վանաձորցուն ստիպել ճանապարհ բացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան համար, վերջինս էլ պնդել էր, որ իր հետ հարգալից խոսեն։ Հետագայում վեճին միջամտել են այլ պարեկներ ևս, որոնք ծեծի են ենթարկել տարեց վանաձորցուն։ Կրքերը փորձել են հանդարտեցնել նրա որդին և թոռը, սակայն վերջիններս ևս ենթարկվել են դաժան ծեծի։ Վեճի ընթացքում պարեկները կիրառել են արցունքաբեր գազ:

Արդյունքում՝ Ռադիկ Ա-ն և նրա անչափահաս զարմիկը կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ի դեպ մինչ այդ, ըստ վկայության, նրանց տարել են ոստիկանական բաժին, որտեղ նրանց նկատմամբ նորից բիրտ ուժ է կիրառվել։ Այս ամենի հետևանքով անչափահաս տղայի մոտ ասթմայի նոպա է սկսվել և նրա ուշքը գնացել է։ Միջադեպի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՄԻՊ ներկայացուցիչներին Ոստիկանությունից նաև բանավոր հավաստիացրել են, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։

  • Կիսվել: