ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանությունն ուսումնասիրում է «Հեղափոխության պահապաններ» գրառմամբ տեսանյութը

Ոստիկանությունն ուսումնասիրում է «Հեղափոխության պահապաններ» գրառմամբ տեսանյութը

Ոստիկանությունը ուսումնասիրում է սոցիալական ցանցերում «Հեղափոխության պահապաններ» գրառմամբ տեսանյութը, InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:  «Գիտենք տեսանյութի մասին, այժմ ուսումնասիրում ենք», փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվում «Հեղափոխության պահապաններ» գրառմամբ տարբերանշանով, որտեղ երևում է՝ ինչպես է մարդկանց մի խումբ քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողություններ թույլ տալիս: Այդ անձինք ճնշում են գործադրում քաղաքացու նկատմամբ՝ պահանջելով ներողություն խնդրել վարչապետին հայհոյելու համար։

Այդ տեսանյութում կատարվողը քննադատել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Այս կադիրովական ոճի խուլիգանական գործողությունները պետք է կասեցվեն։ Սա ուղղակի խայտառակություն է, և իշխանությունը պետք է հստակ դատապարտի նման ինքնիրավչությունը, իսկ ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի նման խուլիագանական գործողությունը։ Ոչ ոք չպետք է հետապնդվի իր կարծիքի համար, նույնիսկ հայհոյական արտահայտությունների համար, բացառապես պետք է գործեն իրավական մեթոդները և օրենքները։ Սա էր մնացել, որ քաղաքական աստառով խուլիգանական խմբեր գործեն արդեն իբր թե հեղափոխության պաշտպանության նպատակով։ Իրանում կան նման կառույցներ` իսլամական հեղափոխության պահապաններ, որի ղեկավարը վերջերս սպանվեց Իրաքում։ Նման կերպ գործում են Չեչնիայում` կադիրովականները, Ռուսաստանում` պուտինիստները։ Իշխանությունը շատ կտրուկ պետք է կասեցնի նման սադրիչ գործողությունները, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ ժողովրդավարական և իրավական պետության արժեքների և սկզբունքների հետ»։

InfoPort.am-ը փորձեց կապվել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գրիգորյանի հետ՝ պարզելու այս հարցում վարչապետի դիրքորոշումը, սակայն վերջինը անջատում էր հեռախոսը:

  • Կիսվել: