շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանության 20 ծառայողներից ոչ մեկի ազատվելը առնչություն չի ունեցել հակահամաճարակային պայքարի հետ․ պարզաբանում

Ոստիկանության 20 ծառայողներից ոչ մեկի ազատվելը առնչություն չի ունեցել հակահամաճարակային պայքարի հետ․ պարզաբանում

«Ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 22-ի համարում տեղ գտած՝ ոստիկանության գործունեությանը վերաբերող հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

 

Ոստիկանությունը չի գործում իրավիճակային լուծումներով և, մասնավորապես, հակահամաճարակային գործողություններն իրականացնում է ոչ թե հրահանգներով ու ցուցումներով, այլ բացառապես օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում:

Հրապարակման անհիմն լինելը վկայում է նաև վիճակագրությունը. հակահամաճարակային գործողություններ իրականացնող ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումներից 2020 թ. հունիսի 8-ից առ այսօր ազատվել է շարքային և սպայական կազմի 20 ծառայող, որոնցից 9-ը՝ դատարանի դատավճռով, մյուսները՝ տարբեր կարգապահական խախտումներ կատարելու համար:

Հիշյալ 20 ծառայողներից ոչ մեկի ազատվելը առնչություն չի ունեցել հակահամաճարակային պայքարի հետ:


Տվյալ ոլորտում ընդգրկված ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի և ոստիկանության զորքերի ոչ մի ծառայող հիշյալ ժամանակահատվածում բացասական հիմքերով չի ազատվել ծառայությունից:

Ավելին, նույն ժամանակահատվածում ոստիկանության սպայակազմը ոչ միայն չի կրճատվել, այլև համալրվել է 101 ծառայողով, որի 70 տոկոսը ներգրավված է արտաքին ծառայությունում, 237 ծառայողով համալրվել է կրտսեր կազմը, որի 90 տոկոսն է ներգրավված արտաքին ծառայության մեջ:

Հավելենք նաև, որ բացասական հիմքերով ոստիկանության ծառայությունից ազատվելու վերաբերյալ պարբերաբար հասարակությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրվում՝ ըստ ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի, որի աշխատաքին անդամության կարգով մասնակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

  • Կիսվել: