կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոստիկանները պայքարում են մեր պետության խարխլման դեմ. ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի ԺՊ

Ոստիկանները պայքարում են մեր պետության խարխլման դեմ. ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի ԺՊ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Վերջին օրերին հասարակության մեջ առկա ատելության խոսքի բարձր աստիճանը, բռնության և անհանդուրժողականության ակնհայտ դրսևորումները հասել են վտանգավոր չափերի։

Հայրենիքի հանդեպ զգոնությամբ և նվիրումով ծառայող, մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների հարգման և պաշտպանության սկզբունքներով առաջնորդվող շատ ոստիկաններ, որոնք նաև 44-օրյա պատերազմի ժամանակ անձնվիրաբար պայքարել են թշնամու դեմ, այսօր էլ փաստացիորեն պայքարում են մեր պետականության խարխլման դեմ, առավել քան երբևէ հասարակության կողմից առնվազն հարգանքի և պատշաճ վերաբերմունքի կարիք ունեն։
 
Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության բնորոշ գծերից է օրենքի գերակայությունը, և յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները, իսկ իրավահպատակ ուղուց շեղվող ցանկացած անձ անխուսափելիորեն յուրաքանչյուր դեպքում արժանանալու է պատշաճ իրավական գնահատականի։
Ուշադիր հետևում եմ տեղի ունեցող իրադարձություններին և հարկ եղած դեպքում պատրաստ եմ օրենսդրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում գործել՝ հանուն մարդու իրավունքների հարգման և պաշտպանության։
Սիրելի՛ ՀՀ քաղաքացիներ, կոչ եմ անում հեռու մնալ սադրանքներից, մանիպուլյատիվ գործողություններից և ձեր քայլերով չվնասել ՀՀ պետականությանը»։

  • Կիսվել: