հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկանները կվերապատրաստվեն ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում

Ոստիկանները կվերապատրաստվեն ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օրինակով ոստիկանության համակարգում ստեղծվելու է ահազանգերի սպասարկման օպերատիվ կենտրոն: Այսօր ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ու փոխոստիկանապետ, գնդապետ Տիգրան Եսայանը՝ նոր ստեղծվելիք կառույցում աշխատողների համար ՃԿՊԱ-ում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հարցը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը և բուհի ղեկավարությունը հյուրերին ծանոթացրեցին ՃԿՊԱ հնարավորություններին և տեղեկացրեցին, որ ՃԿՊԱ-ի կրթական և վերապատրաստման ծրագրերը ճկուն են, փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումների ծառայողների համար էլ վերապատրաստումներ կազմակերպվում են, պարզապես պետք է հաշվի առնել վերապատրաստվող լսարանի առանձնահատկությունները: Օրինակ՝ եթե 911-ի ստացած ահազանգերին պատասխանողը պետք է տեղյակ լինի, թե հրդեհի կամ փակ դուռը բացելու զանգի դեպքում ինչ ասի և ինչ հարց տա ահազանգողին, որ դեպքում ահազանգը որ կառույցին պետք է փոխանցել, ապա ոստիկանության ստացած ահազանգին պատասխանողն էլ պետք է իմանա՝ ինչ ասել ընտանեկան բռնության կամ մարմնական վնասվածքի դեպքերում: Ակնհայտ է, որ ԱԻՆ փրկարար ծառայության օրինակով ոստիկանության օպերատիվ կենտրոնում էլ պետք է հոգեբանների խումբ լինի:

Հանդիպման արդյունքում որոշվեց ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կմշակի վերապատրաստման ծրագրերը, և դրանց վերջնական հաստատումից հետո կմեկնարկեն դասերը:

  • Կիսվել: