հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ոստիկանները Եռաբլուրում իրականացրել են իրենց պարտականությունները. ոստիկանության գործողություններն ուսումնասիրվում են

Ոստիկանները Եռաբլուրում իրականացրել են իրենց պարտականությունները. ոստիկանության գործողություններն ուսումնասիրվում են

Ոստիկանության գործողություններն ուսումնասիրվում են, հայտարարությամբ հանդես է՝ եկել ՀՀ ոստիկանությունը․
«Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:
Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով:
Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ:

Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:  Կարմիր ու սեւբերետավորները շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Ոստիկանները խոչընդոտեցին նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:

Ոստիկանությունից փոխանցում են, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման է ենթարկվել 37 քաղաքացի։

  • Կիսվել: