հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանները բացահայտել են հերթական «թմրաշղթան»․հայտնաբերվել է մի քանի կիլոգրամ հերոին ու հրազեն

Ոստիկանները բացահայտել են հերթական «թմրաշղթան»․հայտնաբերվել է մի քանի կիլոգրամ հերոին ու հրազեն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ձեռք բերած օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Կենտրոնական բաժնի ծառայողների հետ հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդու` թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 գրամից ավելի հերոին։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածը հերոինը ձեռք է բերել մայրաքաղաքում բնակվող 44-ամյա մի տղամարդուց, որը նույնպես հայտնաբերվել է։ Նրա բնակարանի խուզարկությամբ ևս հերոին է հայտնաբերվել՝ դարձյալ 9 գրամից ավելի քաշով։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվել են, որոնց շնորհիվ պարզվել է, թե 44-ամյա տղամարդն ումից է ձեռք բերել հերոինը։ Խոսքն Արմավիրի մարզում հաշվառված, 53-ամյա մի տղամարդու մասին է, որը նույնպես հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա խուզարկությամբ ու մեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով հերոինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել նաև նրա եղբոր բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 16 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված, իսկ տան բակում՝ 935 գրամ հերոին։ Նույն քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների ընթացքում 53-ամյա տղամարդն իրավապահներին ներկայացրել է 1 կիլոգրամ, 471 գրամ հերոին, որը դրված էր Երևանի Շիրակի փողոցում տեղակայված արագաչափ սարքի մոտ։

Շարունակված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են, որ 53-ամյա տղամարդը հերոինը ձեռք է բերել Երևանում բնակվող 35-ամյա մի տղամարդուց, որը հայտնաբերվել է։ Նորք-Մարաշի նրա տան տանիքում հայտնաբերվել է 1 կիլոգրամ, 700 գրամ հերոին, ինչպես և թմբուկավոր ատրճանակ, փամփուշտներ ու սվին-դանակ։

Հարուցված քրեական գործերի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

  • Կիսվել: