Ոստիկանապետը Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության հնարավորությունը
Մայիսի 14-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։
Ողջունելով դեսպանին՝ ոստիկանության պետը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթեց։
Վահե Ղազարյանն ընդգծել է, որ սա Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին այցն է ոստիկանություն, ինչը կնպաստի երկու կողմերի համագործակցության զարգացմանը։
![]()
Ոստիկանության պետը նշել է, որ երկու երկրների իրավապահ կառույցները ներկայումս համագործակցում են Ինտերպոլի շրջանակներում։ Ընդգծելով, որ հանցավորությունը ազգություն չի ճանաչում, Վահե Ղազարյանն այդ համատեքստում կարևորել է կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում, նաև պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության ոլորտներում երկկողմ համագործակցություն ձևավորելու հնարավորությունը։
Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա քաղաքացիների անվտանգության ապահովման գործում մասնավորապես կարևորել է ոստիկանության աշխատանքը։
Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
![]()
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում համավարակի դեմ պայքարի աշխատանքից։
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


