շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանապետը՝ կոռուպցիոն հանցագործության մասին հրապարակման հիման վրա նշանակել է ծառայողական քննություն

Ոստիկանապետը՝ կոռուպցիոն հանցագործության մասին հրապարակման հիման վրա նշանակել է ծառայողական քննություն

Օրերս զանգվածային լրատվության միջոցներից մեկում «Կոռուպցիոն բացահայտումներ ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։ Տեղեկացնում ենք, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության շտաբում  նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների նախկին ոստիկանապետը Արման Սարգսյանը և նրա երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանը և Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարները համապատասխան մարդկանց չեն հասել: Մյուս տեղեկության համաձայն՝ Արման Սարգսյանը Առաջին հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ին ոստիկանության ծառայողներին 51 հատ անվանական զենքով է պարգևատրել, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիները, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով):

Ըստ լուրերի՝ այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ վերևում կանգնած է եղել վերը նշված եռյակը՝ Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան: Ամենից ուշագրավն այն է, որ այս բացահայտումները տեղի են ունեցել հենց Ոստիկանությունում, նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի նշանակումից հետո: Բացահայտումների մասին Ղազարյանը զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս հանձնարարել է չհանրայնացնել այդ տվյալները:

  • Կիսվել: