ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավելի քան 700 դիմորդ․ Պարեկային ծառայությունը կգործի 2021 թվականի առաջին եռամսյակից

Ավելի քան 700 դիմորդ․ Պարեկային ծառայությունը կգործի 2021 թվականի առաջին եռամսյակից

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնում է, որ այսօրվա տվյալներով արդեն Պարեկային ծառայությունում 391 դիմորդ կա քաղաքացիական անձանցից և 330 հոգի՝ Ոստիկանության ներկայիս ծառայողներից, այն դեպքում, երբ դիմումների ընդունման ժամկետն ավարտվելու է օգոստոսի 7-ին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ընդամենը 14 օր առաջ հայտարարեցինք նոր կազմավորվող Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթը։

Ոգևորող նորություն ունեմ բոլորիս համար․ այսօրվա տվյալներով արդեն 391 դիմորդ ունենք քաղաքացիական անձանցից և 330 հոգի՝ Ոստիկանության ներկայիս ծառայողներից, այն դեպքում, երբ դիմումների ընդունման ժամկետն ավարտվելու է օգոստոսի 7-ին։ Վստահ եմ, որ առաջիկա օրերին ևս մեր քաղաքացիների հետաքրքրվածության ու հայրենի ոստիկանության ոլորտում այս պատմական փոփոխության մասնիկը դառնալու ցանկության նվազում չենք ունենա, և մինչև մրցույթի ժամկետի ավարտը դիմորդների թիվն առնվազն կկրկնապատկվի։

Հիշեցնում եմ, որ․

Երևանում Պարեկային ծառայությունը կգործի 2021 թվականի առաջին եռամսյակից, իսկ մարզերում՝ 2022 թվականի առաջին եռամսյակից։

Դիմել կարող են բացառապես 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները․ բացառություն անել հնարավոր չէ։
Հասակի մինիմալ շեմը սահմանվել է 160 սմ՝ պայմանավորված ծառայության համար անհրաժեշտ օբյեկտիվ ֆիզիկական պարամետրերով և առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքով։
Վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է և՛ իգական, և արական սեռի ներկայացուցիչների համար։ 

Ուշադրություն․ Դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը կդադարեցվի։ Այնպես որ, այսօրվանից սկսած դիմորդները կարող են զբաղվել «B» կարգի վարորդական իրավունքի ձեռքբերման կազմակերպմամբ։

Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում եմ անցնել այս հղումով՝ http://moj.am/article/2755: Եթե լինեն հարցեր, զանգահարեք հայտարարության մեջ նշված հեռախոսահամարներով»,- տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում։

 

 

  • Կիսվել: