շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որտե՞ղ են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ գումարները․ Ուրիխանյանը՝ Գլխավոր դատախազին

Որտե՞ղ են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ գումարները․ Ուրիխանյանը՝ Գլխավոր դատախազին

Խորհրդարանում 2019 թվականի դատախազության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե որտեղ են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գումարները։

Նա հիշեցրեց, որ բազմիցս է այս մասին հարցրել, իրեն պատասխանել են նաև դատախազությունից, որ առկա են գաղտնի և հրապարակման ոչ ենթակա որոշ տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն արտացոլվում հաշվետվություններում:

«350 հազար անգամ հարցրել եմ հիմնադրամի հաշվետվությունների հետ ի՞նչ գաղտնի տվյալ պետք է լինի: Այս հարցը բարձրացնում եմ, հետո այդքանից հետո դատախազությունը խրոխտ հայտարարություն է տարածում և մեղադրում ինձ, որ «գաղտնի» բառ եմ օգտագործում, որը դատախազությունը չի արել»,- դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց Տիգրան Ուրիխանյանը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ իրենց բոլոր հայտարարություններն են խրոխտ և պատգամավորի հարցադրումներին տված պատասխաններն էլ իրավաչափ են։ Նրա խոսքով, քրեական գործ հարուցելու համար պետք է հանցագործության վերաբերյալ առերևույթ տվյալներ լինեն, որը չկա:

«Դուք համադրել եք վարչապետի հայտարարության մեջ նշված համապատասխան թիվ և վերցրել եք հիմնադրամի կայքից համապատասխան տվյալներ, դրանց մեջ տեսել եք հակասություն և այդ հակասությունը ներկայացնում եք, պահանջ եք ներկայացնում իրականացնելու քրեական վարույթ, բայց քրեական վարույթ իրականացնելու անհրաժեշտություն չկա առնվազն մեկ պարզ պատճառով՝ հիմնադրամի մուտքերը այդքան պարզ մեխանիկական հաշվարկով չեն»,- ասաց Արթուր Դավթյանը։

Նա նաև նշեց, որ իր համար անհասկանալի է պատգամավորի ձևակերպումը «գաղտնի» ծախսերի մասին։

«Առկա են գաղտնի և հրապարակման ոչ ենթակա որոշ տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն կարող արտացոլվել հաշվետվություններում։ Այսինքն՝ գաղտնի տվյալները բացառապես մուտքերին են վերաբերում, իսկ որ մուտքերում գաղտնի տվյալներ կլինեն, կարծում եմ, որ Դուք շատ լավ պիտի իմանայիք, որովհետև մենք ունենք այնպիսի աշխատողներ, որոնց տվյալները գաղտնիք են, նրանց քանակը գաղտնիք է, այդ տվյալները չեն կարող հրապարակվել, հետևաբար՝ այդ մուտքերն այստեղ չէին կարող երևալ», - ընդգծեց նա։

Նա նաև ասաց, որ Տիգրան Ուրիխանյանը եղել է հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ խորհուրդը լայն լիազորություններ ուներ, ինչը նշանակում է, որ պատգամավորն ուներ բոլոր հնարավորություններն այդ պարզաբանումները ստանալու։

Տիգրան Ուրիխանյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ պետք չէ ակնարկել՝ լիազորություններ ունե՞ր, թե՞ չուներ։

«Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, կոռուպցիայի հետ կապված պայքարի առաջամարտության շրջանակներում պարզաբանումներ անել։ Ձեր ձեռքն է իշխանությունը, ապարատը, լծակները, ամեն ինչը։ Էլի եմ ասում՝ այս հիմնադրամը գաղտնիություն չպիտի ունենա։ Մուտքերի մասին գաղտնիության մասին ես Ձեզ չեմ ասել, այլ ասել եմ, որտե՞ղ են գումարները, հիմա ասում եք հաջորդ շաբաթ չեն փոխանցվում, ի՞նչ հաջորդ շաբաթ, մի 1-2 տարվա մասին եմ ասում։ Վարչապետի 2 օր առաջ փոխանցած փաստաթղթից եմ մեջբերում անում, 1,9 միլիարդ դրամ այդ պահի դրությամբ գումար չի փոխանցվել, այդ 1,9 միլիարդի չափով գաղտնի ծառայողներ ունե՞ք ՀՀ-ում։ Ինչ վերաբերում է իմ լիազորություններին, փառք Աստծո, ընտրողները լավ գիտակցում են իմ լիազորությունների պատշաճ իրականացումը, չբռնեիք կառավարությունով հոգաբարձուների խորհրդի կազմից հանեիք, որպեսզի ես էլ իմ լիազորություններն իրականացնեի։ Խնդրում եմ մի սրեք, մի սրեք, խնդիրս պարզաբանելն է, որտե՞ղ են հիմնադրամի գումարները»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը։

Արթուր Դավթյանը նշեց, թե որտե՞ղ են ծախսված գումարները, հարցի պատասխանն առաջին հերթին հոգաբարձուների խորհրդի անդամները պետք է ստանային և պարզաբանեին հանրությանը։

«Երբ կունենաք տվյալներ առերևույթ հափշտակության մասին, կխոսենք, և ոչ թե օրենքով մատնանշված մուտքերի և ելքերի ստացման ամենատարբեր հաշվարկների, այդ դեպքում անպայման կզբաղվենք Ձեր կողմից բարձրացված հստակ հանցագործության մասին առերևույթ հատկանիշներ պարունակող հաղորդման կապակցությամբ»,- ասաց Գլխավոր դատախազը։

  • Կիսվել: