հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Որոշում եմ կայացրել ազատվել դատախազությունում աշխատանքից. Ռաֆայել Գևորգյան

Որոշում եմ կայացրել ազատվել դատախազությունում աշխատանքից. Ռաֆայել Գևորգյան

Հարգելի հայրենակիցներ, մի քանի օր առաջ որոշում եմ կայացրել իմ դիմումի համաձայն ազատվել դատախազությունում աշխատանքից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դատախազ Ռաֆայել Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է.«Կյանքիս վերջին 16 տարին նվիրված են եղել իրավապահ համակարգին՝ քննչական ապարատում և դատախազությունում: Ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք գիտի, որ օրենքի պաշտպանությունը, հիմնված մարդկային, բարոյական նորմերի և իրավունքի գերակայության վրա, եղել են իմ աշխատանքի և ինչու ոչ, կյանքի սկզբունքները:

Օրենքը չի կարող լինել անբարոյական: Անբարոյական կարող են լինել միայն այն կիրառողները: Վերջին երկու տարում երկրում ստեղծված գաղջ մթնոլորտի հետևանքով իրավունքը, օրենքը և օրինականությունը մղվում են հետին պլան: Նման պայմաններում, հաշվի առնելով նաև ստեղծված հետպատերազմյան աղետալի իրականությունը, պետք է խոստովանեմ, որ հնարավոր չեմ գտել շարունակել աշխատանքս՝ չխախտելով իմ սկզբունքները: Դա բացառում է այս ժամանակահատվածում իմ հետագա աշխատանքը իրավապահ մարմիններում:

Շնորհակալություն եմ հայտնում այս տարիների ընթացքում իմ հետ աշխատած բոլոր մարդկանց, ովքեր թե իրենց բարի, թե նույնիսկ ոչ բարյացակամ վերաբերմունքով օգնել են ինձ կերտել իմ որպես պրոֆեսիոնալ իրավաբանի կերպարը:

Հաշվի առնելով, որ արդեն սահմանափակված չեմ քաղաքական չեզոքություն պահպանելու դատախազի պարտականությամբ, հայտարարում եմ ժողովրդական շարժմանը միանալու իմ որոշման մասին: Պայքարելու եմ մինչև վերջ մեր Հայրենիքը ազատագրելու և իրավունքի գերակայությունը վերահաստատելու համար:

  • Կիսվել: