երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Օրինական պահանջին չենթարկվելու կադրեր եմ տեսել. ՆԳ փոխնախարարը՝ Չախոյանին ձերբակալելու մասին

Օրինական պահանջին չենթարկվելու կադրեր եմ տեսել. ՆԳ փոխնախարարը՝ Չախոյանին ձերբակալելու մասին

Ես կարծում եմ, որ ոստիկանությունը շատ արագ արձագանքել է դեպքին, երբ արդեն առերևույթ տեսանելի էին,  որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ են տեղի ունենում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը մեղադրում են, թե ինչու իրավապահ համակարգը նախապես չկանխեց այն, ինչը տեղի ունեցավ Նոր Նորքի թաղապետարանում:

Նա ընդգծեց, որ ոստիկանությունը այս հարցում չի թերացել, արձագանքը չի ուշացել:

Հարցին՝ ինչու իրավապահները որեւէ բան չձեռնարկեցին, երբ հրապարակվեց, որ թաղապետը հեռախոսով հայհոյանքներ է հնչեցնում, ու ակտիվսիտներն էլ հայոհայանքներով են պատասխանում, այդ թվում հայհոյախառն ակցիայի տեսքով, Արմեն Մկրտչյանն ասաց. «Ի՞նչ գործողություններ էիք ենթադրում, որ պետք է լինեին: Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ նորմալ է դա:  Ես գիտեմ, որ քրեական հետապնդում է հարուցված նաև թաղապետարանի աշխատակիցների, և, եթե չեմ սխալվում, նաև թաղապետի նկատմամբ»:

Անդրադառնալով նրան, որ թաղապետը ներողություն է խնդրել իր վարքի համար, արդյոք ստացվում է, որ կարելի է ծեծել, հետո ներողություն խնդրել, ՆԳ փոխնախարարը նկատեց. «Ներողություն խնդրելը մարդու իրավունքն է, և ինքը զղջացել է արարքի համար, բայց նաև քրեական վարույթ կա նախաձեռնված: Ես չգիտեմ՝ նախաքննության մարմինը ներողություն խնդրելը որպես մեղմացնող հանգամանք կդիտարկի, թե չի դիտարկի»:

 

Հարցին՝ ոստիկանությունը ի՞նչ սկզբունքով առաջնորդվեց, որ բերման ենթարկեց ոչ թե հարվածողներին, այլ հարվածներ ստացածներին, նա ասաց. «Ոստիկանությունն արձագանքում է իր ունեցած տեղեկատվության հիման վրա, հասնում է դեպքի վայր, գնահատում է իրավիճակը, համադրում է տեղեկությունները և որոշումները կայացնում է իր ուսումնասիրություններով ստացված գնահատականներով։

 

Րոպեներ հետո, ոստիկանության ծառայողները ներկա են եղել այնտեղ, սկզբում փորձել են ընդհանուր հասարակական կարգը պահպանել, հետո նաև, ամենայն հավանականությամբ, ուսումնասիրել են մյուս ձայնագրությունները, որոնք առկա են եղել և բնականաբար վարույթ է նախաձեռնվել: Այս պահի դրությամբ մենք ունենք անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված:

 

Չեմ կարող ասել, թե կոնկրետ քանի հոգի է տարվել ոստիկանություն, քանի հոգի է ձերբակալվել: Համենայնդեպս տեսաձայնագրության մեջ մեկ քաղաքացի կոնկրետ օրինական պահանջին չի ենթարկվել, կադրեր եմ ես ինքս տեսել: Կարծում եմ առաջնահերթ գործողությունը ձերբակալման կատարվել է այդ անձի նկատմամբ»:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

 

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

 

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ:

  • Կիսվել: