չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Օրենքով գող» Ժիրայր Շահումյանսկին կալանավորվեց․ ինչ է նա հրահանգել «զոն նայողին»

«Օրենքով գող» Ժիրայր Շահումյանսկին կալանավորվեց․ ինչ է նա հրահանգել «զոն նայողին»

Մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազութունը հայտնել էր, որ հայտնաբերել և ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը: ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ով է արդեն կալանավորված «օրենքով գողը»: Վերջինս «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանն է՝ բոլորին հայտնի Ժիրայր Շահումյանսկին, որին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ ինչ էր արել նա: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Շ. Ժ.» մականվամբ հայտնի անձը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Ա.-ին նախ հանձնարարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններին համապատասխան ծեծի ենթարկելու միջոցով պատժել հիմնարկում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետև իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող անձին փոխարինելու գործընթաց։ Այդ նպատակով նա հանձնարարել է «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահ¬մանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել: Այդ հանձնարարության կատարմանը «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ անձի թեկնածությունը, ով ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

Ի դեպ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս քրեական գործը կրկին քննում է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Մարգարյանը, որին դեռեւս անցած տարի քրեական ենթամշակույթի դեմ անխոնջ պայքար մղելու համար 30 տարեկան երիտասարդ քննիչին գնդապետի կոչում էին տվել, որ համարձակություն էր ունեցել «օրենքով գողերին» դեմ դուրս գալ:

Իսկ ո՞ւմ գործն է քննել 30-ամյա նորաթուխ գնդապետը: Նա քննել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Գնդապետի կոչումը Մարգարյանը ստացել է նաեւ Գող Ալոյի՝ Ալեքսանդր Մակարյանի գործը քննելու համար:

  • Կիսվել: