երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են

«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են

«Արսեն երեւանսկի» մականունով հայտնի Արսեն Մկրտչյանը եւ «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանը կալանավորվել են: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Նրանք ձերբակալվել էին քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու կասկածանքով։ Նրանցից բացի, կալանավորվել է եւս 4 անձ:

Օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որից պարզ էր դառնում, որ դեռեւս մարտի 13-ին ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել, որի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու, «օրենքով գողին» դիմելու հանցավոր սխեմաներ: Ըստ այդմ՝ մի խումբ անձինք դիմել են «օրենքով գողին»՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Նշենք, որ «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը ՌԴ քաղաքացի է. նա 2017 թվականին ձերբակալվել, ապա Կալուգայի շրջանի Բորովի քաղաքային դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչել մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար եւ դատապարտել երեք ու կես տարվա ազատազրկման։ 2018 թվականին, սակայն, Երեւանսկին ազատ էր արձակվել առողջական խնդիրների պատճառով: Արսեն Երեւանսկին Երեւանում հայտնի «օրենքով գող» Կնդո մականունով հայտնի Մայիս Մկրտչյանի զարմիկն է:

 

  • Կիսվել: