Ո՛չ մեղադրյալի կարգավիճակ ունեմ, ո՛չ էլ վկայի. Կարեն Սիմոնյան
Ոչ մի բանում ես չեմ մեղադրվում, վկայի կարգավիճակ չունեմ, մեղադրյալի կարգավիճակ չունեմ, փաստեր չկան, ստանդարտ նախադասություն է գրված։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանը, որի բնակարանում այսօր խուզարկություն է իրականացվել։
«Ամեն ինչ լավ է, գնալու ենք մինչև վերջ։ Խորհրդակցել եմ փաստաբանի հետ, ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Գյումրու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում։ Նրանք խուզարկել են նաև Կարեն Սիմոնյանի ավտոմեքենան։
ՔԿ–ից այս առնչությամբ հայտնել են, որ խուզարկություններ են իրականացվում «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք, որ Կարեն Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու է, նախօրեին իրավապահները հերթական ձայնագրությունն էին հրապարակել` իբրև նրա մասնակցությամբ։
Հավելենք, որ հունիսի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ հերթական ձայնագրությունն էր հրապարակել, որտեղ հեռախոսազրույցի ժամանակ նշվում էր նաև Կարեն Սիմոնյանի անունը։



