շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նույն թուղթը երկու անգամ կեղծվել է. Խաժակյան

Նույն թուղթը երկու անգամ կեղծվել է. Խաժակյան

Ինձ տեղեկացրին, որ գործը ուսումնասիրության փուլում է, հրավիրեցին ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժանմունք։ Դա ինձ համար զարմանալի էր, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող գործերը չէի ակնկալում, որ այնտեղ կքննվեն։ Հուսով եմ՝ մյուս անգամ այլ ենթաբաժին չեն ուղարկի։ Այն ոստիկանները, որոնք պետք է քննեն այս գործը, առնվազն պետք է տիրապետեն Երեւանի մասին օրենքին, որ հասկանան՝ ի՛նչ է նշանակում պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Ինձ համար տարակուսելի էր, որ այսքան ժամանակ անց ոստիկանությունը չէր ստացել հանցագործության մասին իմ հաղորդումը, որը ես ուղարկել էի Գլխավոր դատախազին։ Տեսնում եմ շահագրգռվածության որոշակի խնդիր, սակայն ես հետեւողական եմ լինելու: Այս մասին այսօր Ազատություն Հ/Ը «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ասել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան ։

Նա նշել է, որ այն փաստաթղթերը, որոնք Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու նիստին ցույց էր տվել եւ Գլխավոր դատախազություն հաղորդում տվել, Ոստիկանությունում իրենից չեն էլ պահանջել։

«Գործը սկսել են՝ առանց բուն խնդիրը հասկանալու»,-ասել է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Նա հաղորդման ընթացքում ներկայացրել է, իր խոսքով, կեղծված փաստաթղթերը.

Խաժակյանը նշել է. «Սրանք քաղաքապետի 2 կարգադրություններն են՝ նույն համարի, նույն ամսաթվի տակ եւ նույն թեմայի մասին։ Ենթադրում եմ, որ ստեղծվել է նոյեմբերի 4-ին կամ դրանից հետո, իսկ Մարությանի բացակայության ժամանակ, կարող եք տեսնել այդ թանաքային ստորագրությունը, եւ մյուսը, որն ինձ են պաշտոնապես տրամադրել, որի տակ արդեն Մարությանի գրիչային ստորագրություն է՝ կրկին ամսի 17-ով։ Եթե ուշադրություն դարձնեք թե՛ ստորագրությունների տարբերությանը, թե՛ ամսաթվերի ձեռագրային տեսքին, կհասկանաք, որ նույն թուղթը 2 անգամ կեղծվել է»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նոյեմբերի 26-ի նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բանավոր դիմել էր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Երեւանի քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների գերազանցման հետ կապված:

Նա ասել էր, որ Հայկ Մարությանի բացակայության ժամանակ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մոտ 70 նորմատիվային ակտ է ընդունել՝ քաղաքապետի անունից, ինչն անելու իրավունքը չուներ, քանի որ նման որոշումներ կարող է ընդունել կա՛մ ինքը՝ քաղաքապետը, կա՛մ նրա բացակայությամբ՝ քաղաքապետի առաջին տեղակալը։

Երեկ Երեւանի ավագանու նիստին Խաժակյանը հայտարարել է, որ պատրաստ է դատախազությանը նյութեր տրամադրել՝ իր ասածն ապացուցող։

«Եթե համարում եք, որ սուտ տեղեկություն եմ տարածում, կարող եք զրպարտելու համար դատի տալ»,- ասել է նա»։

 

 

  • Կիսվել: