ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նորիկյանը ստանձնել է Ազատ գյուղում հրդեհից զոհված Վոլոդյա Ներսիսյանի հոր ներկայացուցչի իրավունքները

Նորիկյանը ստանձնել է Ազատ գյուղում հրդեհից զոհված Վոլոդյա Ներսիսյանի հոր ներկայացուցչի իրավունքները

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավապաշտպան Նորիկ Նորիկյանը ստանձնել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված Վոլոդյա Ներսիսյանի հայրիկի լիազոր ներկայացուցչի իրավունքները։

Այս մասին Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վերջին ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն իրավամբ ցնցել են մեր հանրությանը։

Մեզանից յուրաքանչյուրը պետք է անի իրենց կախված առավելագույնը՝ մեր բանակում մահվան այս ՛՛Շքերթը՛՛ կասեցնելու համար։
Մեր բանակը չպետք է դառնա մահվան բանակ։

 

Երեկ ստանձնել եմ Վարդենիսում տեղի ունեցած ողբերգության արդյունքում զոհված 15 զինծառայողներից Վոլոդյա Ներսիսյանի հայրիկի՝ որպես տուժողի լիազոր ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները։

Տառացիորեն երկու օր առաջ էլ ստանձնել եմ դեռևս 2022թ․ սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում Սյունիքի մարզի N զորամասի զոհված զինծառայող Ռոբերտ Արմենի Գևորգյանի մայրիկի՝ որպես տուժողի լիազոր ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները։

Մեկ անգամ ևս պնդում եմ, որ վերը նշված ողբերգական դեպքերի պատճառների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվում են բազմաթիվ հավանական ու անհավանական վարկածներ։

Իրավասու բոլոր մարմինները պարտավոր են իրենց իրավասությունների շրջանակներում և թույլատրելիության սահմաններում ցուցաբերել առավելագույն թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ, դրսևորել հետևողականություն՝ այս ողբերգությունների իրական հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար։

 

Պնդում եմ, որ եթե որևէ օղակի կողմից փորձ արվի ծածկադմփոց անել սույն գործերի բացահայտման աշխատանքները, ինքս կհամարեմ, որ գործ ունենք մեր պետության հիմքերը խարխլելու կոնկրետ դրսևորման հետ։

Առաջիկա օրերի ընթացքում հանդես կգամ առավել համապարփակ տեղեկատվությամբ՝ սույն գործերի վերաբերյալ տուժողների դիրքորոշումները ամբողջացնելու, հավաքված տեղեկատվությունները համադրելու և վերլուծելու, ինչպես նաև որոշակի ռազմավարական ու մարտավարական խնդիրների մասին»։

  • Կիսվել: