ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նոր նախագիծ. Դատախազները իրենց աշխտավարձի 92 տոկոսի չափով հավելում կստանան

Նոր նախագիծ. Դատախազները իրենց աշխտավարձի 92 տոկոսի չափով հավելում կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստումհավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծի ընդունումը պայմանավորված է դատախազներին՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող և իրենց պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դատախազի նկատմամբ առկա է արտաքին ճնշումների բարձր հավանականություն, ընդ որում՝ շատ ավելի բարձր, քան քրեական և հատկապես՝ մինչդատական քրեական վարույթի այլ հանրային մասնակիցների դեպքում:

Ստեղծված իրավիճակում, երբ նախքան Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը հարուցված և բացառիկ հնչեղ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը շարունակում են գտնվել գրեթե բոլոր ստորաբաժանումների դատախազների դատավարական ղեկավարման ներքո, կամ նրանք են շարունակում իրականացնել այդ գործերով մեղադրանքի պաշտպանությունը, ներկա և առաջիկա տարիների ընթացքում որևէ տարբերակում չի կարող լինել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների և այլ դատախազների աշխատանքի ռիսկայնության մեջ։

Բացի այդ, դատախազության գործառույթները և դերը պետական իշխանության մարմինների համակարգում շատ հաճախ հանրության և դատավարության մասնակիցների կողմից ճիշտ չեն ընկալվում. մեղադրյալները և նրանց հարազատները դատախազի՝ պետության անունից մեղադրանք պաշտպանելու գործառույթը ընդունում են անձնավորված, ինչն իր հերթին շատ հաճախ հանգեցնում է ընդգծված բացասական վերաբերմունքի դատախազների նկատմամբ: Այդ ամենը հաճախ ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով դատախազի անձի և բարի համբավի, մասնագիտական կարողությունների վերաբերյալ սուբյեկտիվ, անհիմն և կոշտ որակումներով:

Հետևաբար, հանգամանքը, որ դատախազի աշխատանքը արտաքին ազդեցությունների հավանականության բարձր աստիճան ու ռիսկայնություն է ենթադրում անկախ նրանից, թե այն ինչ հանցագործությունների վերաբերյալ գործերով կամ դատախազական որ գործառույթի շրջանակներում է իրականացվում, կասկածից վեր է։

Բացի այդ, անվիճելի է, որ դատախազների ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դատախազի աշխատանքն աստիճանաբար կորցնում է գրավչությունը։ Ավելի հաճախ են դառնում այն դեպքերը, երբ դատախազության համակարգը համալրելուց և 3-4 տարի պաշտոնավարելուց ու մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց հետո դատախազները համալրում են փաստաբանական համայնքի շարքերը:

Դատախազների վարձատրության ավելացումը անխուսափելիորեն կնպաստի նաև դատախազական համակարգը երիտասարդ, բանիմաց կադրերով համալրելու գործընթացին, քանի որ մասնավոր ոլորտում և պետական համակարգում աշխատավարձերի ներկայումս առկա ակնհայտ դիսբալանսը  իրավաբանների գերակշիռ մեծամասնությանը մղում է մասնավոր ոլորտ:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Նախագծի ընդունմամբ կապահովվի դատախազների աշխատանքի ռիսկայնությանը համահունչ վարձատրությունը:

2023թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 432 անձ) ամսական դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 2,443,304,718.73ՀՀ դրամ։

  • Կիսվել: