Նոր կոնվենցիայով պետությունները պարտավորվելու են չխաթարել փաստաբանական գործունեությունը. ստորագրումը սպասվում է մայիսին
Երևանում մեկնարկել է «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիա․ կարիքը և ակնկալիքները» թեմայով միջազգային համաժողովը։
«Տարիներ շարունակ քննարկվում էր այս հարցը, և Եվրամիության, Եվրոպայի խորհրդի մակարդակով արդեն մշակվեց փաստաբանների իրավունքների պաշտպանության կոնվենցիան, որտեղ ամրագրվեցին այն հիմնարար սկզբունքները, որոնք աջակցելու են փաստաբանի մասնագիտությանը, փաստաբանական համայնքի՝ վերպետական մակարդակով իրավունքների պաշտպանության համատեքստում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Նրա խոսքով՝ կոնվենցիայի ստորագրումը նախատեսվում է Եվրոպայում՝ մայիսին։
Հայաստանը՝ ի դեմս Փաստաբանների պալատի, դրական կարծիք է արտահայտել այդ կոնվենցիայի ընդունման կապակցությամբ։
«Կոնվենցիայում վերպետական մակարդակով ամրագրված են այնպիսի կարգավորումներ, որոնք պարտադիր են դարձնելու մասնակից պետությունների համար հարգել ու պաշտպանել առանցքային սկզբունքները»,-ասաց Բաբայանը։
Հիմնական դրույթները, որոնք ամրագրված են կոնվենցիայի նախագծում, արդեն իսկ կան հայաստանյան օրենսդրական կարգավորումների շրջանակներում։
«Սակայն, կոնվենցիայի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տեղի են ունենում որոշակի իրավունքների խախտումներ, որոնց հետևանքները կոնվենցիայի առկայության դեպքում առավել լրջացվելու են և վեր են հանվելու միջպետական համակարգ»։
Ինչ վերաբերում է հարկային վարչարարությանը, ապա դրա վերաբերյալ խնդիրները ամրագրված չեն կոնվենցիայում։
«Սակայն, կոնվենցիայում ամրագրվել են փաստաբանական գործունեության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են, օրինակ՝ արգելքը։ Պետությունները ստանձնելու են պարտականություն որևէ արգելող միջոց, ներպետական իրավական ակտեր չընդունել, որոնք կհանգեցնեն փաստաբանական գործունեության խաթարմանը։ Կոնվենցիայով նախատեսվում է ստեղծել խորհրդատվական՝ մոնիտորինգային մարմին, որը դիտարկելու է փաստաբանների իրավունքների պաշտպանության մակարդակը տվյալ երկրում։ Սա ուղղակի անդրադարձ է լինելու պետության վարկանիշի վրա արտաքին հարաբերություններում»,-ասաց Բաբայանը։