երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության TOPCOP ծրագրի շրջանակում կայացած ֆորումին

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության TOPCOP ծրագրի շրջանակում կայացած ֆորումին

Հունվարի 30-ից 31-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) TOPCOP ծրագրի շրջանակում անցկացվել է ռազմավարական համագործակցության համատեղ ֆորում։ Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ անդամ երկրների, Արևմտյան Բալկանների, Արևելյան գործընկերության երկրների ոստիկանության պատվիրակությունները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր դիրեկտորատի, հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր դիրեկտորատի ղեկավար կազմը։

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ պատվիրակությունը գլխավորում էր ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, Կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ, CEPOL-ի ազգային համակարգող Կարինե Սաֆարյանը։
Բացման խոսքով հանդես են եկել Եվրոպոլի տնօրեն Քեթրին դե Բոլը և CEPOL-ի գործադիր տնօրեն Մարին Մոնտսերատ Լոպեսը։ Ֆորումի առաջին օրը նվիրված էր պատվիրակությունների ելույթներին։

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի ելույթը վերաբերում էր համակարգչային խարդախությունների դեմ պայքարում միջազգային համագործակցությանը։ Նա իր խոսքում ընդգծել է առցանց խարդախությունների դեմ պայքարում համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմի անհրաժեշտությունը, ինչը հնարավոր է միջազգային գործընկերների հետ փոխգործակցության շնորհիվ։

Ելույթի ընթացքում նշվել է նաև, որ hամաձայն միջազգային ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալի` ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների, Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը, իսկ Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ բարելավելով դիրքերը։ Տեղեկությունը դրական արձագանք է գտել ներկաների կողմից։

Նիդերլանդներ այցի հաջորդ օրը նվիրված էր TOPCOP ծրագրի` իրավապահ մարմինների կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատմանը և ծրագրի 2-րդ փուլից մասնակից երկրների ակնկալիքներին։
Շահառու երկրների պատվիրակության անդամները ներկայացրեցին այն դրական արդյունքները, որ գրանցել են ծրագրի շնորհիվ։

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մ. Մուրադյանը համապարփակ ներկայացրեց այն ուղղությունները և ոլորտները, որոնց հետ կապված անհրաժեշտ է միջազգային գործընկերների աջակցությունը։ Դրանք վերաբերում են նոր ձևավորվող քրեական ոստիկանության ծառայողների համար նախատեսված դասընթացներին, Կրթահամալիրի դասախոսների համար մեծահասակների ուսուցման թեմայով դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտությանը, քրեական ոստիկանությունում խորքային ռազմավարական վերլուծության մշակույթի ձևավորմանը, Կրթահամալիրի ֆոտոռոբոտի ծրագրի թարմացմանը, ինչպես նաև նոր ձևավորվելիք ոստիկանության գվարդիայի և համայնքային ոստիկանության կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացում մենթորային աջակցությանը։

  • Կիսվել: