ՆԳՆ–ն թվայնացնում է մեքենայի առուվաճառքի համակարգը. Համարանիշն էլ փոստով կուղարկեն
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում որոշում ընդունեց, որով տրանսպորտային միջոցների առուվաճառքը, նվիրատվությունը, լիզինգը, համարանիշների ստացումը, հաշվառման վկայականները կթվայնացվեն։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգյանը նշեց, որ տրանսպորտային միջոցի առուվաճառքի և նվիրատվության հիմքով մեքենայի սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացների թվայնացումն էապես կթեթևացնի քաղաքացիների վիճակը։
«Սա նշանակում է, որ նախկինում մեր քաղաքացիները այս դեպքերում, երբ պայմանագիր էին կնքում` հաշվառման քննական ստորաբաժանումներ մի քանի անգամ այցելելով, ապա հիմա առաջարկում ենք թվային հարթակի միջոցով այդ ամենն իրականացնել։ Հարթակն ինքնաշխատ եղանակով կկատարի բոլոր անհրաժեշտ ստուգումները, կգեներացնի էլեկտրոնային պայմանագիր` էլեկտրոնային ստորագրությամբ։ Այնուհետեև, այս պայմանագիրը համակարգը կուղարկի գնորդին, որն իր հերթին, եթե համաձայնում է առաջարկված պայմաններին, ստորագրում է այս պայմանագիրը»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` թվային լուծումներն արդեն պատրաստ են և առաջարկվում է կարգավորումները ուժի մեջ մտցնել 2025 թ. սեպտեմբերի 1–ից։ Հարթակից կարող են օգտվել նաև ոչ աշխատանքային օրերին ու ժամերին։
Սարգսյանը նշեց, որ ՆԳՆ–ն այս պահին ծառայություն է մատուցում նաև որպես կադաստր` լիզինգից բխող պարտավորությունների, ինչպես նաև մեքենայի գրավադրման դեպքում նաև գրավի իրավունքի գրանցման համար։ Սա ևս, ըստ նրա` ենթադրում էր այցելություն հաշվառման քննական կենտրոններ, մինչդեռ նոր համակարգով այս գործարքները ևս կլինեն թվային հարթակի միջոցով` ինքնաշխատ տարբերակով։
Սարգսյանի խոսքով` այս երկու փոփոխությունները փոխկապակցված են ու առաջարկեց այս առաջակը ևս ուժի մեջ մտցնել 2025 թ. սեպտեմբերի 1–ից։
Նախարարն անդրադարձավ նաև մեքենայի համարանիշների փոփոխությանը. եթե անձը տրանսպորտային միջոցի առուվաճառքից հետո չի ցանկանում պահպանել հին համարանիշը և ցանկանում է նորը ձեռքբերել, ապա ՆԳՆ–ն նրան առաջարկում է փոստային առաքման տարբերակը։
«Մենք առաջարկում ենք փոստային տարբերակով նոր համարանիշի առաքում, որպեսզի այս դեպքում ևս անձը չայցելի հաշվառման քննական կենտրոններ, և այդ մետաղի կտորը ստանա ու ամրացնի տրանսպորտային միջոցին»,– տեղեկացրեց Սարգսյանը։
Նա ավելացրեց, որ թվայնացումը վերաբերելու է նաև հաշվառման վկայականներին։