երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
ՆԳՆ խոսնակը վստահեցնում է՝ որևէ ծառայող, որը հնարավորություն է ունեցել կանխել Մերձավանի դեպքը, սակայն չի կանխել, կրելու է պատասխանատվություն

ՆԳՆ խոսնակը վստահեցնում է՝ որևէ ծառայող, որը հնարավորություն է ունեցել կանխել Մերձավանի դեպքը, սակայն չի կանխել, կրելու է պատասխանատվություն

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով կվերլուծվի նաև տեղի ոստիկանների աշխատանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Խոսելով իրավապահ մարմինների կողմից հնարավոր թերացումների  մասին՝ նա նշեց, որ դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ:

«Վստահեցնում եմ, որ եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ՝ կրելու են իրենց պատասխանատվությունը»,- ընդգծեց Սարգսյանը։

Սարգսյանը վստահեցրեց, որ ՆԳ նախարարը հենց առաջին օրվանից եղել է դեպքի վայրում, ղեկավարել է բացահայտման աշխատանքները, օպերատիվ շտաբը. «Հենց այս պահին էլ գտնվում է Վաղարշաապտի բաժնում և ղեկավարում է աշխատանքները»:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ձերբակալված Նարեկ Օհանյանը միայնա՞կ է գործել, նա նշեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է վարկածին, թե սպանության թիրախում եղել է քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, Սարգսյանն ասաց, որ դա այս պահի դրությամբ հիմնազուրկ պնդում է:

«Ցավոք սրտի, մեր գործընկեր Կարեն Աբրահամյանը մահացավ այս միջադեպի հետևանքով։ Նա մեր լավագույն գործընկերներից էր, ծառայության մեջ էր 2012 թվականից, ավարտել էր Ոստիկանության կրթահամալիրը»,- ասաց ՆԳՆ խոսնակը և հավելեց, որ ոստիկանն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, այլ ընկերական հարաբերություններ է ունեցել Փարաքարի համայնքապետի հետ:

Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործով ձերբակալված կա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր էր, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Սեպտեմբերի 25-ին նա գիտակցության էր եկել և հարցաքննվել:

Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վոլոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի:

  • Կիսվել: