ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ներքին գործերի նախարարությունն անհրաժեշտություն է, և կառավարությունը գնում է այդ ճանապարհով. Քոչարյան

Ներքին գործերի նախարարությունն անհրաժեշտություն է, և կառավարությունը գնում է այդ ճանապարհով. Քոչարյան

Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և  դրանից  բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է վերափոխել և հանրությանը ներկայացնել լիովին նոր ոստիկանություն: Որպես ռազմավարական հիմնական նպատակ է առաջադրվել մասնագիտացված, պատասխանատու և վստահելի ոստիկանի նոր կերպարի ստեղծումը:

Նշված նպատակին հասնելու առաջնային քայլերից  մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է:

Այսպիսով, նախագծով ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների փոխարեն նախատեսվում է պարեկային ծառայության ներդրում: Ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան զինվորական ծառայություն անցած և միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիները՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց  հետո:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն Ազգային ժողով է ներկայացրել որակյալ աշխատանքի արդյունք։  «Եվ հրատապությունը կայանում է նրանում, որ այդ որակյալ աշխատանքը իրավունք չունի մնալու սպասողական վիճակում։ Եթե մենք կարող ենք այն կիրառման մեջ դնել, ուրեմն պետք է դնենք անմիջապես»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` այս նախագծով վերականգնվում է պետության կորցրած վստահությունը. «Իսկ որ ոստիկանությունը բազմիցս օգտագործվել է ոչ նպատակային, մենք դա տեսել ենք, ինչի արդյունքում Հայաստանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ թավշյա հեղափոխության տեսքով»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նույնիսկ կոմունիստական ռեժիմի  ժամանակ ոստիկանությունը չի օգտագործվել «հանուն իշխանության կամ ախպերության» նպատակների համար։

Ըստ պատգամավորի, տարիների ընթացքում ոստիկանության նկատմամբ վերաբերմունքը փոխվել է և հիմա սա բարեփոխման առաջին քայլն է։

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունը կարծում էր, որ Ներքին գործերի նախարարություն ունենալն անհրաժեշտություն է քաղաքական պատասխանատվության առումով, և կառավարությունը գնում է այդ ճանապարհով:

«Այս բարեփոխումների հաջողությունից են կախված մյուս փոփոխությունները։ Այնպես որ, պետք է օր առաջ այս փաթեթն ընդունենք, որ հաջորդ տարվա մարտին ունենանք  առաջին արտաքին ստորաբաժանումները»,-  ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ նախատեսվում է ծառայությունն առաջին փուլով գործարկել Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը:

  • Կիսվել: