երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ներելու բան չկա, ես ասել եմ, որ ուզում եմ ազատվել աշխատանքից, ըմբռնումով են մոտեցել. Սերգեյ Ատոմյան. «Հրապարակ»

Ներելու բան չկա, ես ասել եմ, որ ուզում եմ ազատվել աշխատանքից, ըմբռնումով են մոտեցել. Սերգեյ Ատոմյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը մեկ ամսից ավելի է՝ պետ չունի։ Օգոստոսի 5-ին ծառայության պետի պաշտոնից ազատվեց Սերգեյ Ատոմյանը, ով այս պաշտոնին նշանակվել էր 2023-ի հունվարին: Նրա ազատման պատճառների մասին հրապարակումներ եղան, թե ազատվել է այն պատճառով, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար կալանավայրից դուրս եկած Դավիթ Տոնոյանին թույլ են տվել տեսակցել մոր հետ: Սակայն «Հրապարակ»-ի հետ զրույցում նա ասաց, որ աշխատանքից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն, այս պահին գտնվում է գյուղում, հանգստի մեջ, մեկ-մեկ էլ հողագործություն է անում։ Մենք մի քանի հարց ուղղեցինք նրան:

- Օգոստոսի սկզբին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ազատվեցիք Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը, հիմա որտե՞ղ եք, ի՞նչ պաշտոն եք զբաղեցնում։

- Որեւէ պաշտոն չեմ զբաղեցնում, առաջարկ չի եղել, որեւէ քննարկում չկա, հիմա հանգստանում եմ։ Իմ կամքով եմ դիմում գրել` դուրս եկել, պատճառ չկա, ուզում էի հանգստանալ։

- Երկու տարի Դուք կառավարեցիք կալանավայրերը, ի՞նչ օգուտ տվեցիք, ըստ Ձեզ, պետությանը։ 

- Իմ կառավարման 2 տարվա ընթացքում շատ մեծ աշխատանք է կատարվել, բարելավվել է քրեակատարողականների վիճակը։ Վերջին 10 տարին վերցրած՝ մենք 2 անգամ ավել գործ ենք արել։ Բարելավել ենք կալանավորների բարոյահոգեբանական վիճակը, օբյեկտիվ գնահատվել են նրանց աշխատանքներն ու ներկայացվել պայմանական վաղաժամկետ ազատման։

- Դրական եք ներկայացնում կալանավայրերի վիճակը, բայց հասարակությունը պիտի գնահատի այդ դրականը` հաշվի առնելով խաղամոլության, թմրաշրջանառության աճը, դատապարտյալների նկատմամբ ճնշումների ու ոտնձգությունների դեպքերի փաստացի թվերը։ Մայրն անչափահաս դստեր նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն էր գործադրել, նկարահանել եւ ուղարկել էր կալանավորված ամուսնուն։ Ինչպե՞ս է հաջողվում դատապարտյալներին՝ սմարթֆոն հեռախոսներ օգտագործել, ճի՞շտ է, որ ՔԿՀ-ների պետերն ու աշխատակիցները գումարի դիմաց համագործակցում են դատապարտյալների հետ․ այս արատի դեմ կարողացա՞ք պայքարել։

- Լսել եմ այդ դեպքի մասին, բայց այդ ժամանակ այլեւս չէի աշխատում։

- Ձեր պաշտոնավարման ժամանակ է իր իսկ դստեր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար դատապարտված Թաթուլ Մադաթյանը սմարթֆոն հեռախոս ունեցել։

- Իմ աշխատած տարիներին ամենօրյա ռեժիմով պայքարել ենք բջջային հեռախոսներ պահելու դեմ։ Դատապարտյալներին, օրենքով, զանգի հնարավորություն է տրվում։ Բջջային հեռախոսների դեմ պայքարի մեթոդներ ենք մշակել, ամեն օր 10-20 հեռախոս է դուրս բերվում ՔԿՀ-ներից։ Իհարկե, մեծ խնդիր են հեռախոսները, անգամ խլացուցիչներ ենք տեղադրել։

- Իսկ Ձեզ հաջողվե՞ց կանխել խաղամոլության դեպքերը․ հայտնի փաստ է, որ դատապարտյալների մեծ մասը, կամա թե ակամա, դառնում է, այսպես ասած, «ղումար խաղացող» եւ պարտադրում է ընտանիքի անդամներին՝ մեծ գումարներ փոխանցել կալանավայր։

- Այո, Դուք ճիշտ եք, դրանք արատ են ՔԿՀ-ներում, մարդ թեկուզ անզգույշ հանցագործության համար հայտնվում է կալանավայրում, սպասում է՝ պատիժը կրի, դուրս գա, ու ինչ-որ մեկը նրան ներքաշում է խաղի մեջ։ Միանշանակ, պիտի կանխվի սա, մենք պայքարել ենք, որ նվազագույնի հասնեն դեպքերը։ Խուզարկություններ ենք արել, պատիժներ սահմանել, քրեական ենթամշակույթ կրող անձանց նկատմամբ գործեր ենք հարուցել։

- Արդարադատության ոլորտում շշուկներ են պտտվում, թե Ձեր պաշտոնավարման ժամանակ կաշառքի դեպքեր են բացահայտվել, ինչն էլ հանգեցրել է Ձեր պաշտոնանկությանը։

- Բացառվում է, որ նման բան լիներ։ Քրեակատարողական ծառայությունում 2 հազարից ավելի աշխատակից կա, հնարավոր է՝ ինչ-որ մեկը փորձի նման բան անել, ես բոլորի փոխարեն չեմ կարող պատասխան տալ։

- Գումարի դիմաց ՔԿՀ-ի աշխատակիցները թմրանյութ, հեռախոս են անցկացնում կալանավայր, դա կոռուպցիա չէ՞։

- Եթե ինչ-որ մի աշխատակից նման սրիկայություն է անում, բռնում եւ պատժում ենք։ 2022-ի ընթացքում 30-ից ավելի աշխատակից ազատել ենք պաշտոնից։ Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ անուններ չեմ կարող տալ։

- Այնուամենայնիվ, լինելով ՔՊ-ին այդքան հավատարիմ, վիրավորված չե՞ք Նիկոլ Փաշինյանի հրամանից՝ անգործ մնացիք։

- Չէ, իհարկե, որովհետեւ իմ դիմումի հիման վրա եմ դուրս եկել։

- Եթե կամավոր է, ներեցի՞ն հեռանալու համար։

- Ներելու բան չկա, ես ասել եմ, որ ուզում եմ ազատվել աշխատանքից, ըմբռնումով են մոտեցել։ Հիմա ուզում եմ հանգստանալ։ Եթե քաղաքական ղեկավարությունը որոշի ինձ նոր գործի առաջարկ անել, կմտածեմ այդ ուղղությամբ»:

  • Կիսվել: