ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ»-ի» գործով դատական նիստը հետաձգվեց

«Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ»-ի» գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվել է «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով դատական  նիստը։ Չէր ներկայացել Նարեկ Մալյանի շահերի պաշտպանը:

«Ռեստարտ» խմբի անդամները միջնորդեցին դատարանին իրենց վերադարձել անձնագրերը, քանի որ չեն կարողանում բանկային գործարքներ կատարել: Խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենք մտադիր չեն երբևէ հեռանալ երկրից, իսկ տուժող կողմը  շարունակում է սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել իրենց հասեցեին համացանցային տիրույթում: Նրանք նաև միջնորդել էին կարճել քրեական գործի վարույթը:

Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ այդ միջնորդության քննության համար պետք է ներկա լինի նաև տուժող կողմը, իսկ անձնագրերը ամբաստանյալներին վերադարձնելու միջնորդությունը բավարարեց: Ինչ վերաբերում է տուժողի կողմից հայհոյանքներ ուղղելուն, ասաց, որ պաշտպանները կարող են զբաղվել այդ հարցով, և դա այս գործի շրջանակում քննվող հարց  չէ:

Ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նիստը հետաձգվեց:

  • Կիսվել: