ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նարեկ Մալյանի գրառման կապակցությամբ հանցագործության մասին հաղորդումները դատախազությունը ուղարկել է ոստիկանություն

Նարեկ Մալյանի գրառման կապակցությամբ հանցագործության մասին հաղորդումները դատախազությունը ուղարկել է ոստիկանություն

 Հայաստանի գլխավոր դատախազությունը քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանի գրառման կապակցությամբ բոլոր հայտարարությունները ուղարկել է ՀՀ Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Այդ գրառման կապաակցությամբ հանցագործության մասին մի քանի հաղորդումներ են եղել, որոնք ուղարկվել են ոստիկանություն», - հավելեց Աբրահամյանը։

Նշենք, որ Նարեկ Մալյանի գրառումը վերաբերում էր ազգագրագետ Հրանուշ Խառատյանին ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին ու նրա դստերը՝ Երևանի ավագանու անդամ Արփենիկ Մարությանին։

«Հայտնում եմ, որ ֆեյսբուքի օգտատեր «Narek Malian»/Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանին, Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանին և ինձ՝ Հրանուշ Խառատյանիս: Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ և ապահովել մեր անվտանգությունը», -իր գրառման մեջ հայտարարել էր Հրանուշ Խառատյանը։

Մալյանը մասնավորապես իր գրառման մեջ ներկայացրել էր պահանջներ, որոնք մինչև մայիսի 13-ը չկատարելու դեպքում «իմ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է փողով թուրք ներողների, ցեղասպանության զոհերի արյունը թուրքերին վաճառողների վրա։ Նեղանալ չլինի մերումանուկ եմ անելու առանց խղճի խայթի»։

  • Կիսվել: