Նախընտրական պաստառների 5 քմ մակերեսը գերազանցող վահանակները կհեռացվեն․ ԿԸՀ
Ընտրություններին մասնակից այն քաղաքացիները, որ գրանցված են այլ համայնքում, սակայն տվյալ օրը գտնվելու են մեկ այլ համայնքում, կարող են դիմում ներկայացնել մինչև հունիսի 10-ը և փոխել ընտրություն կատարելու վայրը, այս մասին ԿԸՀ արտահերթ նիստում տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։, ըստ Ա1+-ի փոխանցման։
Նրա խոսքով` դա սահմանված է «Ընտրական օրենսգրքով» և միայն վերաբերում է մեկ համայնքից մյուսը տեղափոխվելուն, ոչ թե, օրինակ, Երևանի մեկ ընտրատեղամասից մյուսը գնալուն:
«Հաշվառում չունեցող քաղաքացիները կարող են մինչև հունիսի 10-ը դիմել Անձնագրային վիզաների վարչություն` ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար` նշելով քվեարկության օրը գտնվելու հասցեն», - ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նա անդրադարձավ նաև հանրապետությունում 5 քառակուսի մետր մակերեսը գերազանցող պաստառներին և նշեց, որ նախընտրական քարոզչության համար սահմանված կանոնները գործելու են քարոզչության մեկնարկից: Նախընտրական պաստառները և ԿԸՀ կողմից նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները ենթակա են հեռացման.
«ԿԸՀ-ն գրանցումից անմիջապես հետո քննարկելու է հիշյալ հարցը և եթե մինչև հունիսի 6-ը կլինեն պաստառներ, որ ինքնակամ չեն հեռացվի, դրանք կհեռացվեն համապատասխան մարմինների կողմից»:
Մուկուչյանը նշեց, որ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընգրկված են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված տարաբնույթ խնդիրները:
«Ազատ Հայրենիք» կուսակցությունների դաշինքի ցուցակի թեկնածու Ալիա Արսենի Ֆիդանյանի փաստաթղթերում բացակայում է վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում միայն ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը և հայերենի տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենը: Եվ Նաիրա Հովհաննիսյանի փաստաթղթերում բացակայում է հայերենի տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը: Կուսակցությունների դաշինքներին տրվեց 48 ժամ` տվյալ փաստաթղթերը լրացնելու համար:
Վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում մշտապես ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանքը բացակայում էր նաև «Պատիվ ունեմ» դաշինքի 11-րդ համարի թեկնածու Միհրան Պողոսյանի փաստաթղթերում: Դաշինքին նույնպես տրվեց 48 ժամ` բացը լրացնելու համար:
Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը պակասում էր նաև ԲՀԿ ցուցակի 89-րդ համարի` Արսեն Համլետի Չալանդուզյանի փաստաթղթերից:
«Ազատություն» կուսակցության դեպքում, բացի նշված բացթողումներից, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ պահպանված չէ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 83 հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջն առ այն, որ ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:
«Հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է կուսակցությանը տրամադրել 48 ժամ ժամանակ նշված թերությունները վերացնելու համար, եթե վերը նշված թերությունները տեխնիկական վրիպման արդյունք են»,-ասաց Տիգրան Մուկուչյանը: