հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախկին պատգամավորի կալանքի ժամկետն ավարտվում է

Նախկին պատգամավորի կալանքի ժամկետն ավարտվում է

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրակաշառքի հայտնի գործով մեղադրյալ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի կալանքը երկարացնելու ժամկետը ավարտվում է։

Ասատրյանի փաստաբան Էմին Բեգլարյանը InfoPort.am-ին ասաց, որ սպասում են, հավանաբար նախաքննությունն իրականացնող մարմինը ևս երկու ամսով կերկարացնի Ասատրյանի կալանքը։ «Ժամկետն ավարտվում է օգոստոսի 27-ին, սպասում ենք, հավանաբար կերկարացնեն», -ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է քրեական գործի նախաքննության ընթացքին, Բեգլարյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել և նշել, որ գործի հետ որևէ առնչություն չունի։ Ավելին՝ Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մինչ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն կներկայացվի դատարան, պաշտպանը բողոքարկել է Ասատրյանին առաջին անգամ կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Վերաքննիչ դատարանը մերժել է Ասատրյանի պաշտպանի բողոքը։ Մերժումը սակայն չի կանգնեցրել նրանց, և փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան։ «Մենք Վերաքննիչ դատարան դիմել էինք մի քանի հարց բարձրացնելով՝ վարույթի ապօրինության հետ կապված էր բողոքը, մասնավորապես, քննչական ենթակայության հարցի ու կոնկրետ Վանիկ Ասատրյանի մասով նաև նախաքննության ընթացքում թույլ տված մի շարք խախտումների վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանի կայացրած դիրքորոշումների հետ համաձայն չենք, այդ պատճառով էլ բողոքարկել ենք»,- նշեց նա։ Վանիկ Ասատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալը»:

  • Կիսվել: