երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ովքե՞ր են ցուցմունք տվել Սեյրան Օհանյանի գործով

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ովքե՞ր են ցուցմունք տվել Սեյրան Օհանյանի գործով

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երրորդ միջնորդագիրը, նշելով, որ նախկին նախարարի կողմից հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:

Դատախազը այդ փաստական տվյալների շարքում նաև մատնանշել է, թե ովքե՞ր են ցուցմունքներ տվել Սեյրան Օհանյանի գործով։

Նախկին պաշտոնյաների թվում են՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը, ՊՆ նախկին փոխնախարար Արա Նազարյանը, ՊՆ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Այս գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահը ցուցմունք տվել է։ Նա հարցաքննվել է»,– ասաց նա։

Գլխավոր դատախազը նշեց` ուղիղ ապացույցներ չկան, որ Սերժ Սարգսյանը որևէ կերպ մասնակցություն ունի չարաշահումների մասով, սակայն ընդգծեց, որ փաստաթղթերից մեկի վրա կա գրություն, որտեղ Օհանյանը գրել է. «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»։
Ըստ դատախազության` սույն գործով ցուցմունք են տվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մեկն էլ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է։
Հարցաքննվել են նաև «Գլենդել Հիլզ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Մելիքյանը, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ տնօրեն Աշոտ Գոմցյանը և այդ ընկերությունների այլ ներկայացուցիչներ։

  • Կիսվել: