ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Նախատեսվում է քրեակատարողական համակարգում ծառայությունն ավելի գրավիչ դարձնել. նախագիծ

Նախատեսվում է քրեակատարողական համակարգում ծառայությունն ավելի գրավիչ դարձնել. նախագիծ

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով, ի թիվս այլնի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, որի իրականացման ուղղություններից է կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:

Ներկայացված նախագիծը մշակվել է հենց այս հրամայականով պայմանավորված՝ նպատակ ունենալով ապահովել քրեակատարողական ծառայությունում մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի ներգրավումը, քրեակատարողական ծառայողների համար սոցիալական երաշխիքների համար անհրաժեշտ մակարդակը` այդպիսով նախադրյալներ ստեղծելով քրեակատարողական համակարգում ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար, ընդ որում` քրեակատարողական ծառայությունում աշխատանքի բնույթով, դժվարությամբ, դրա սոցիալական կարևորությամբ, առավել ցայտուն կերպով ընդգծվում է ծառայողների համար արժանի վարձատրության և սոցիալական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը:

Այս մասին «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացնելիս՝ խորհրդարանում ասաց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

Նախագծով առաջարկվում է ներդնել քրեակատարողական ծառայողների համար ատեստավորման համակարգ, որի արդյունքներով պայմանավորված՝ քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն՝ կներդրվի քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն համապատասխան հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները:

Օրենքով նախատեսվող կարգավորումների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձինք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

Նշվածից զատ, հարկ է փաստել, նախագծի համաձայն՝ ատեստավորման արդյունքներով երեք տարվա ընթացքում (օրենք ուժի մեջ մտնելուց հետո) հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելը ամրագրվելու է որպես ծառայությունից ազատման հիմք:

«Նախագծով առաջարկվում է օրենսդրական կարգավորման ենթարկել քրեակատարողական ծառայության ոլորտում առաջացած մի շարք հարցեր, առաջարկվում է լրացնել քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների միջոցի շրջանակը՝ արտահերթ կոչում շնորհելուց զատ ևս մեկ հնարավորություն տալ՝ զբաղեցրած պաշտոնին համարժեք կոչումից ևս մեկ աստիճանով կոչում շնորհելու դրույթը»,- պարզաբանեց Բալյանը:

«Ներկայացված նախագծի ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար նոր ատեստավորման կարգ, որը կնպաստի ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը, ինչպես նաև նախատեսվող այլ կարգավորումներ»,- ասաց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

  • Կիսվել: