կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Նախարարության պրոֆեսիոնալ թիմը կշարունակի քայլեր ձեռնարկել հանրային անվտանգության է՛լ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու ՀՀ քաղաքացու համար. ՆԳ նախարար

Նախարարության պրոֆեսիոնալ թիմը կշարունակի քայլեր ձեռնարկել հանրային անվտանգության է՛լ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու ՀՀ քաղաքացու համար. ՆԳ նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին Ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար: «Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը Ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է: Եվ նա, ըստ էության, լինելով Ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացում: Պիտի արձանագրեմ նաև, որ պարոն Ղազարյանի պաշտոնավարումը, ըստ էության, համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ. նա նշանակվել է Ոստիկանության պետի պաշտոնում քովիդի համավարակի շրջանում, հետո պատերազմական շրջանը, դրանից հետևող բարդ իրադրությունները և իրավիճակը: Եվ այս ընթացքում նրա կատարած աշխատանքը, իհարկե, բարձր գնահատանքի է արժանի»,- նշել է վարչապետը:

Երկրի ղեկավարը հավելել է, որ ընդհանուր առմամբ, այս բարդ ժամանակահատվածում Ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարությունը Վահե Ղազարյանի առաջնորդությամբ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը: «Միևնույն ժամանակ, բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել: Ըստ էության, մեր հանրապետության գոյության ընթացքում թերևս վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի վրա: Ըստ էության, 90-ականների սկզբից հետո, ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխությունն է տեղի ունեցել: Եվ այդ բոլոր աշխատանքներն առաջնորդելու համար ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղազարյանին»,- իր խոսքն ամփոփել է վարչապետը:

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին: Վարչապետի խոսքով՝ Արփինե Սարգսյանը նույնպես Ոստիկանության բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման գործում շատ էական ներդրում ունի: «Դեռևս արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակներում նա, ըստ էության, բարեփոխումների բովանդակային աշխատանքում շատ մեծ ներդրում և մասնակցություն է ունեցել: Արդեն նախարարության ձևավորման հենց առաջին օրից զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը, և այս ընթացքում, իհարկե, այս պրոցեսի ակտիվ մասնակիցներից է եղել, մարդ, ով, ըստ էության, ամբողջությամբ տիրապետում է բովանդակությանը»,- ասել է երկրի ղեկավարը և համոզմունք հայտնել, որ Արփինե Սարգսյանն այս ընթացքում համակարգում դարձել է յուրային: Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել այս պատասխանատու պաշտոնն ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Ներքին գործերի նախարարության մյուս ստորաբաժանումները նույն տեմպով և ջերմեռանդությամբ ներգրավված կլինեն բարեփոխումների գործընթացին:

Վահե Ղազարյանն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար, Ոստիկանապետի պաշտոնում և Ներքին գործերի նախարարի պաշտոնում իրեն նշանակելու համար: «Ուզում եմ շնորհավորել տիկին Սարգսյանին այս պաշտոնին նշանակվելու համար և շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ամբողջ անձնակազմին՝ իմ պաշտոնավարման տարիներին Հայաստանի Հանրապետությանը ծառայելուն անվերապահորեն նվիրված լինելու համար»,- ասել է Վահե Ղազարյանը:

Արփինե Սարգսյանը նույնպես շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար և նշել, որ համակարգում իր ունեցած փորձառությունը և Վահե Ղազարյանի գլխավորությամբ իրականացված հսկայածավալ աշխատանքի արդյունքները թույլ կտան արդյունավետ աշխատել և նոր նվաճումներ արձանագրել ներքին անվտանգության ոլորտում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության՝ պահպանելով Կառավարության կողմից որդեգրված սկզբունքներն ու այդ սկզբունքների հիմքում դրված ոգին: «Այս երեք ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում, թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն և հետևապես՝ հանրային վստահության տեսանկյունից հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի է: Պետք է նկատենք, որ վերջին շուրջ երկու տարիների ընթացքում մենք ունենք հանրային վստահության աճ Ներքին գործերի նախարարության նկատմամբ և ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը՝ իմ գլխավորությամբ, իհարկե պարոն վարչապետ Ձեր աջակցությամբ, Ձեր վստահությամբ, շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել այս վստահությունն ավելի ամրապնդելու, հանրային անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար: Ձեր գլխավորությամբ, Ձեր առաջնորդությամբ նախարարությունը բավական ծանր և մարտահրավերային փուլ է անցել, և ես վստահ եմ, որ ունենալով Ձեր վստահությունը՝ մենք կշարունակենք թիմի հետ նորանոր նվաճումներ ունենալ»,- ասել է Արփինե Սարգսյանը:

  • Կիսվել: